Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը: 2025 թվականի հունիսի 27-ին ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի հոգևոր և ազգային ինքնության կարևորագույն խորհրդանիշի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, անընդունելի են և խաթարում են հայ ժողովրդի դարավոր արժեքներն ու միասնականությունը:
Հայ Առաքելական Եկեղեցին ավելի քան 1700 տարի եղել է հայ ժողովրդի հոգևոր առաջնորդը, պետականության պահպանման հենասյունը և ազգային ինքնության կարևորագույն կրողը: Նման գործողությունները, որոնք իրականացվում են իշխանությունների կողմից, ոչ միայն խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված եկեղեցու և պետության անջատման սկզբունքը, այլև ուղղակի հարված են հասցնում մեր ժողովրդի միասնությանը՝ հատկապես այս ճգնաժամային ժամանակաշրջանում, երբ ազգային համախմբվածությունը կենսական անհրաժեշտություն է:
Մենք խորապես մտահոգված ենք այն հանգամանքով, որ իշխանությունների կողմից նման քայլերը կարող են լինել ավելի լայնածավալ ծրագրի մաս, որն ուղղված է Հայ Եկեղեցու պատմական դերի նսեմացմանը և ազգային արժեքների խարխլմանը: Այս գործողությունները, որոնք իրականացվում են բռնի ուժի և ճնշումների միջոցով, հիշեցնում են մեր պատմության ամենածանր էջերը և անընդունելի են ժողովրդավարական պետությունում:
Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում.
Անհապաղ դադարեցնել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված բոլոր գործողությունները:
Հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և եկեղեցու անկախությունը:
Զերծ մնալ ազգային սրբությունների և հոգևոր արժեքների դեմ ուղղված ցանկացած ոտնձգությունից:
Հայաստանի քաղաքացիներին, հոգևորականությանը և միջազգային հանրությանը՝ համախմբվել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և նրա սրբավայրերի:
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ կանգնած է Հայ Առաքելական Եկեղեցու կողքին և վճռականորեն պաշտպանելու է մեր ազգային հոգևոր ժառանգությունը: Մենք կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին՝ միավորվել այս պայքարում՝ հանուն մեր ազգի արժանապատվության և միասնության»: