Քաղաքական

Միրզոյանը Չինաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Հունիսի 26-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Նախարարները հանդես են եկել բացման խոսքով։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի։ Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը Չինաստանի հետ՝ այն բարձրացնելով նոր որակի՝ հիմնված փոխվստահության և երկարաժամկետ գործընկերության վրա։ Նա ընդգծել է, որ ընթացիկ համատեղ ջանքերն ուղղված են առավել լայն և ընդգրկուն օրակարգի ձևավորմանը՝ ներառյալ քաղաքական երկխոսություն, տնտեսական փոխգործակցություն, ենթակառուցվածքային ծրագրեր և կրթամշակութային փոխանակումներ։

Տարածաշրջանում փոխկապակցվածության թեմայի համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես տարածաշրջանային խաղաղության, համագործակցության և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ Հայաստանի կողմից առաջարկվող կարևոր նախագիծ։ Նա նաև կարևորել է Չինաստանի հնարավոր ներգրավվածությունը տնտեսական և ներդրումային բաղադրիչներում։

ՀՀ արտաքին գործերի նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Նա շեշտել է, որ կողմերը համաձայնեցրել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը, որն արդեն պատրաստ է ստորագրման։ Նախարար Միրզոյանը ընդգծել է փաստաթղթի ստորագրման կարևորությունը՝ որպես վճռորոշ քայլ՝ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ։