Քաղաքական

Բանավոր դիմել եմ, պետք է ԱԺ մեծամասնությունն արձագանքի. Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բանավոր դիմել է ԱԺ խորհրդի անդամներին՝ հորդորելով իր նկատմամբ քրեական վարույթ հարուցելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունն առաջնահերթ քննարկել. Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեց պատգամավորը։ Պատասխան դեռևս չի ստացել։ 

«Պետք է Ազգային ժողովի մեծամասնությունն արձագանքի, որովհետև, հերթական նստաշրջանի ավարտով պայմանավորված, հարցերի մի մեծ մասը՝ 29-ից 27-ը, մնացել են։ Դրանք արտահերթ նստաշրջանով կարող են քննարկել։ 

Ես բանավոր ասել եմ ԱԺ խորհրդի մի շարք անդամների, որ քանի որ գլխավոր դատախազն իմ հարցը ափալ-թափալ բերել է, դնեն առաջնահերթ, քննարկեն։ Դեռ պատասխան չեն տվել»,- նշել է նա։ 

Գլխավոր դատախազի այս միջնորդությունը նա քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու փորձ է համարում. 

«Դատարկություն և ջուր, քաղաքական շոուի փորձ։ Ընդդիմախոսների նկատմամբ ամեն մեկին յուրահատուկ ձևով փորձում են հետապնդում իրականացնել, որպեսզի լռեցնեն։ Չեն ցանկանում որևէ ընդդիմախոսություն լսել։ Փորձ են անում ամեն գնով ճնշման տակ պահել. վարկաբեկման փորձ է»,- նշել է պատգամավորը։

Նշենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է ԱԺ-ին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ վարույթ հարուցելու հարցով։ Մեղադրանքը վերաբերում է բնապահպանության նախարար աշխատած Արծվիկ Մինասյանին։

Ըստ մեղադրանքի՝ Արծվիկ Մինասյանը որպես նախարար չարաշահել է պաշտոնեական դիրքը և թույլ է տվել, որ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի համար առանձնատուն կառուցվի Սևանա լճի ափին գտնվող Դրախտիկ գյուղում։