Քաղաքական

Որևէ մեկը չի կարող սպառնալ Հայաստանին. Նիկոլ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այդ հայտարարությունը եկեղեցու մասին չէր, ՀՀ մասին էր, և փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե կարող են ինչ-որ մարդիկ գալ ինչ-որ տեղերից, իրենց ձևերով ինչ-որ բան անել»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի շուրջ իրադարձություններին։ 

«Ես չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի, նման բան ասի։ Եվ ես խորհուրդ եմ տալիս, որ որևէ մեկի լեզուն չպտտվի։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու, քաղաքական և հանրային կյանքին մասնակցելու իրավունք։ Բայց ՀՀ-ին սպառնալ որևէ մեկը չի կարող, և ես, ինչքան էլ ժողովրդավարություն, բայց ամենակոշտ, կոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»,- ասել է նա։

Նա նշել է, որ Կարապետյանի հայտարարությունը ոչ մի կապ չունի եկեղեցու շահերի հետ։ Վարչապետը հայտնել է, որ կառավարության անդամներին հանձնարարական է տրվել ՀԷՑ-ի կողմից բնակիչներին տված վնասները փոխհատուցելու մասին. «ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել»,- ասել է նա։ Ըստ վարչապետի, իր հանձնարարականի վերջնաժամկետը հունիսի 21-ին է. «Ես այդ ակտիվացումն ուղիղ կապում եմ այդ հանձնարարականի, այդ որոշման հետ։ Կառավարության անդամները սկսել են աշխատել, ՀԷՑ-ին հստակ ուղերձ են տվել, որ հաշվարկում եք՝ ժողովրդին, պետական ու մասնավոր կազմակերպություններին ինչ վնաս եք հասցրել։ Լոռի այց եմ կատարել, ուր մտել եմ, հոսանք չի եղել, կամ եղել է, անջատվել։ Սա անհանդուրժելի վիճակ է։ Իսկ եկեղեցին, տվյալ դեպքում, ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար, ընդամենը ծխածածկույթ է»։