Քաղաքական

Չեմ բացառում՝ այս այցերի ընթացքում դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն․ քաղաքագետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սպասվող այցը Թուրքիա նշանակում է, որ կողմերը մոտ են հարաբերությունների բարելավմանը, դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն․ Radar Armenia-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։ 

«Ոնց հասկացա, պաշտոնական այց է լինելու։ Մինչև հիմա Փաշինյանը մի քանի անգամ այցելել է Թուրքիա, բայց՝ Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Պատմական է նաև այն առումով, որ, հավանաբար, թուրքական կողմից էլ պաշտոնական փոխադարձ այց է լինելու։ Դիվանագիտական այց է, ոչ թե ինչ-որ միջոցառման մասնակցելու։  Չնայած՝ զանգահարում են միմյանց, Հայաստանի կողմից այցեր են լինում, բայց դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվում։ Չեմ բացառում, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն այս այցերի ընթացքում, և կողմերը որոշում կայացնեն դեսպանատներ հիմնել»,- ասել է Վարդանյանը։ 

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարին՝ քաղաքագետը նշել է, որ սրան պետք է մոտենալ զգուշավոր լավատեսությամբ․ 

«Սահմանի բացումն ավելի շատ Ադրբեջանի կանաչ լույսից է կախված․ գիտենք, որ Ադրբեջանն է այս հարցը լուծում, Թուրքիայի վրա ազդում, վետո դնում սահմանի բացմանը։ Ընդ որում, Ալիևն առանձնապես դա չի էլ թաքցնում։ Ասում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման բանալին գտնվում է Բաքվում․ և՛ բարելավման բանալին, և՛ սահմանի բացումը։ Այնպես որ, ես դեռևս զգուշավոր լավատեսությամբ կարտահայտվեմ այդ մասին. հույս կունենամ, որ սահմանը կբացվի, բայց վստահ չեմ 100%-ով, որովհետև, փաստորեն, այս դեպքում ավելի շատ պոչն է խաղացնում շանը, քան՝ հակառակը։ Ալիևը պայման է դրել Էրդողանի առջև և թույլ չի տալիս, որ բացվի Հայաստան-Թուրքիա սահմանը»,- ասել է քաղաքագետը։

Անժելա Պողոսյան