ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը, որով նախատեսվում էր հնարավորություն տալ գումարի դիմաց սահմանափակ ժամկետով անցնել պարտադիր զինվորական ծառայություն, չի ընդգրկվել Ազգային ժողովի օրակարգում։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը ԱԺ օրակարգ ընդգրկելուն դեմ է քվեարկել 86 պատգամավոր, մեկ պատգամավոր՝ ձեռնպահ։
Նախագծին դեմ է քվեարկել նաև իշխող խմբակցությունը։ Հայկ Կոնջորյանը նշել է, որ այս նախագիծն այս տեքստով չեն կարող ընդունել։
Նախագիծը օրակարգում ընդգրկելուն դեմ է քվեարկել նաև դրա հեղինակը։ «Առաջնորդվելով վարչապետի հանձնարարականով՝ կշարունակեմ աշխատել մեր գործընկերների հետ»,– նշել է Հայկ Սարգսյանը՝ հավելելով, որ ինքն էլ դեմ կքվեարկի։