Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնաբանել է, թե ինչու է ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած անվստահության գործընթացում վարչապետի թեկնածու առաջադրվել Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։
«Դավիթ Համբարձումյանն արժանի է դրան, նա ի վիճակի է պայքար մղելու»,- հայտարարել է նա։ Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն նման թեկնածու առաջադրելով նվեր է արել ՔՊ-ին, Սարգսյանը հակադարձել է. «Հայտնի անեկդոտը հիշո՞ւմ եք։ Այնպես որ, ում էլ առաջադրեինք, ակնհայտ մեծ հակազդեցություն էր առաջանալու»։
Լրագրողի հիշեցմանը, թե նախկինում պնդում էր, որ իշխանության չի հավակնում, բայց հիմա վարչապետի թեկնածու է առաջադրում, Սարգսյանն արձագանքել է. «Այո, իշխանության չենք հավակնում։ Այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ՝ իշխանափոխության. մի՞թե պարզ չէ։ Ումով ուզում է, միայն՝ իշխանափոխություն լինի»։
Հարցին՝ չենք կարող «մրից ելնել, մրաջուրն ընկնել», նա նշել է. «Ոչ, սա մուր չէ, ճահիճ է»։
Սարգսյանը հայտնել է, որ փողոցային պայքար են մեկնարկելու. «Իհարկե, գեներացնելու ենք, բա առանց փողոց ո՞նց կլինի»։
Նա նաև չի բացառել քաղաքացիական պատերազմի վտանգը. «Այս իշխանության պարագայում ամենաանհավանական բաները կարող են լինել»։
«Հայաստան» դաշինքի դիրքորոշման մասին խոսելիս՝ Ս. Սարգսյանն ասել է, որ վաղը երկու խմբակցությունների միջև բանակցություններ են լինելու. «Այդ հարցերը վերջնական պատասխան կստանան»։ Նա նաև նշել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ այդ հարցի շուրջ չի բանակցում։
Գնահատականին, թե իրենց գործողութուններով շախ են հայտարարում Ռ. Քոչարյանի թիմին, նա արձագանքել է. «Մենք շախ ենք հայտարարել և հայտարարելու միայն այսօրվա իշխանություններին։ Շախ հայտարարելու ուրիշ ֆիգուր չունենք»։