Գյումրիի ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորած Սարիկ Մինասյանն այսօր ևս մասնակցել է ավագանու նիստին։
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ նա նշել է՝ «կաշխատի, կտեսնենք»․
«Նոր է, դեռ մի ամիս է՝ աշխատում է, մի ամսում չես կարող գնահատական տալ․ կաշխատի, կտեսնենք։ Ինչպես ասում է ընկեր Ղուկասյանը, կապրենք, կտեսնենք։ Բյուջե չկա, բյուջեի նախագիծը մինչև չլինի, չենք կարող ասել՝ թերացումները շատ են, քիչ են։ Դեռ ժամանակ կա, ժամանակավրեպ է գնահատական տալը»,- նշել է Մինասյանը։
Հարցին՝ ՔՊ-ի պլաններում կա՞ ինչ-որ սցենարով իշխանությունը վերցնել, Մինասյանն արձագանքել է.«Միամիտ հարց է․ եթե լիներ էլ, ես հիմա պետք է հանրայնացնեի՞։ Չէ, նման բան չկա։ Մեր ծրագիրն է՝ մեր մանդատները ծառայեցնել գյումրեցիներին։ Խոշորացույցով հետևելու ենք կատարված աշխատանքին, իրականացվող ծրագրերին»։