Քաղաքական

«Դա գործընթացի մեկնարկի նախագիծ է». Պապոյան

«Դա ԵՄ անդամակցության մասին օրենք չէր։ Սա գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծ է». ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանն ընդունեց ԵՄ-ին անդամակցության մեկնարկի մասին նախագիծը, եթե, ինչպես ասել է ԱԳ նախարարն, այդ ուղղությամբ բանակցություններ չեն տարվում, և Հայաստանը նման հայտ չի ներկայացնի։

Պապոյանը հիշեցրեց վարչապետ Փաշինյանի՝ Բրյուսելում արած հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել այնքան մոտ, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։ 

«Սա ամենակարևոր քաղաքական հանձնառությունն է, մնացած գործողություններն արդեն ածանցյալ են։ Այո, հայտ չենք ներկայացրել։ 50 հազարից ավել մարդ ստորագրել է, նախագիծ է ներկայացվել, ԱԺ-ն պետք է դրա վերաբերյալ վերաբերմունք դրսևորել, դրսևորել է։ Դրական վերաբերմունք է դրսևորել, որովհետև դա մեր արտաքին քաղաքականության և վարչապետի այդ ելույթի ուղիղ տրամաբանության մեջ է»,- նշել է Պապոյանը։

Նա նաև խոսել է ԵԱՏՄ-ում ՀՀ անդամակցության առավելությունների մասին. «Մենք ԵԱՏՄ անդամ ենք, և այլ օրակարգ ՀՀ կառավարությունում իմ առջև չկա դրված»։

Լրագրողի հարցին՝ ԵՄ-ին միանա՞լն է Հայաստանի հեռահար նպատակը, Պապիկյանն արձագանքել է.

«Հայաստանի ամենահիմնական նպատակը 29․743 կմ² սահմաններով խաղաղության պայմանագրի կնքումն է և այս տարածքում այնպիսի պետություն կառուցելը, որը կապահովի անհրաժեշտ բարեկեցություն ու ինքնիշխանություն, և այդ ճանապարհին, բնականաբար, տարբեր գործոններ կլինեն, որոնք, ըստ նպատակահարմարության, կիրականացնենք»։