Սերժ Սարգսյանը հերքել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, որ 2021թ․ չի ցանկացել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին․
«2021թ. ես երբեք և որևէ տեղ չեմ ասել, որ մենք չենք գնալու ընտրությունների։ Այո, ես դեմ եմ եղել ընտրություններին, բայց ոչ թե դա փաստարկելով որպես ընտրությունները լեգիտիմացնելու քայլ, այլ հստակ ասել եմ, որ խորապես համոզված եմ (և իմ համոզմունքը հիմնված է քաղաքական դաշտն ու ժողովրդի տրամադրություններն ուսումնասիրելու վրա), որ, միանշանակ, այսօրվա կառավարիչը հաղթելու է այդ ընտրություններում։ Հաղթելու է, և մենք դառնալու ենք մասնակիցը կապիտուլյացիայի լեգիտիմացման, և միջազգային հանրությունը մեզ՝ հայ ժողովրդին մեղադրելու է այդ կապիտուլյացիայի համար, ասելու է, որ թեև կապիտուլացվել է Հայաստանը, բայց ժողովուրդը վստահում է այսօրվա կառավարչին, ինչը և տեղի ունեցավ։ 1-1,5 տարրի մեր դաշնակիցներն ու գործընկերները դրա վրա են հղում անում։ Հիմա եթե սխալ եմ կանխատեսել, ասեք՝ սխալ ես կանխատեսել»,- նշել է նա։
Ս. Սարգսյանը, խոսելով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացից, նշել է, որ պաշտպանում են գաղափարը՝ ելնելով հետևյալ սկզբունքներից.
«Մենք՝ ընդդիմությունը, առնվազն հինգ տարի հայտարարում ենք, որ այսօրվա կառավարիչների՝ մեկ օր ավել մնալը վնասում է երկրի շահերին։ Էդ ի՞նչ պատահեց, որ հիմա էլ ասում են՝ չէ, մի տարի էլ սպասենք, ընտրությունները գան։ Դուք՝ ոչ, բայց իմ տարիքի մարդիկ գիտեն, որ բազմաթիվ են դեպքերը նորագույն պատմության մեջ, որ գնացել ենք իրադարձությունների, որոնք շատ-շատերի կարծիքով հավանական չէին, բայց հաջողությամբ են պսակվել»։
Նա նշել է, որ, իր կարծիքով, պետք է փորձել գնալ իմպիչմենտի ճանապարհով. «Գոնե այս վերջին ամսվա ընթացքում շատ ուշադիր եք եղել բոլոր հայտարարություններին (նկատի ունի «Հայաստան» դաշինքի -խմբ․), որոնցից մեկը վերաբերում էր նրան, որ նախորդ բոլոր շարժումները իրենք են համակարգել։ Այսինքն, մենք էլ կողքից հարսանքավոր ենք եղել։ Իրենք քավորն են եղել, մենք՝ հարսանքավորը։ Եթե կուզեն իրենց քավորությունը շարունակել, կառաջարկեն փողոցային պայքար, մենք պատրաստ ենք»։
Հարցին՝ իր ու Քոչարյանի միջև հակասությու՞նն է շատ, թե՞ իշխանությանը հեռացնելու ցանկությունը, Սարգսյանն ասել է. «Ես նպատակ չունեմ իշխանության գալու, իմ նպատակն իշխանափոխությունն է։ Իսկ անձնապես, երկու կարևոր նպատակ եմ տեսնում՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից։ Ուրիշ ոչ մի բան չեմ ուզում։ Ով ինչ ուզում է, թող ամբողջը վերցնի»։
Ս.Սարգսյանը լրագրողներին խնդրել է իրենց տարակարծությունները չսրել։