ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ բոլոր ուղղություններով։
«Ուրախ եմ կրկին հանդիպել Ձեզ Երևանում։ Վստահ եմ, որ մենք կունենանք կառուցողական և բովանդակալից կարծիքների փոխանակում երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի վերաբերյալ։ Կցանկանայի միանգամից ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության հետ բոլոր ոլորտներում երկարաժամկետ և փոխշահավետ գործընկերության վրա»,- նշել է Միրզոյանը։
Նախարարը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ հունիսին նախատեսվող այցը Երևան տեղի կունենա հոբելյանական միջտարածաշրջանային համաժողովի նիստին զուգահեռ։
Միրզոյանը անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կողմերի համագործակցությանը։
«Այս համատեքստում չեմ կարող չարձանագրել ԵԱՏՄ շրջանակում արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև մայիսի 15-ին ստորագրված Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը, որը, անշուշտ, կնպաստի միության տնտեսական ներուժի աճին»,- ասել է Միրզոյանը։