ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե տարածաշրջանի տնտեսական զարգացման ներուժն ամբողջությամբ չի իրացվում. «Եւ մենք վստահ ենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում մեր փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա»,- ասել է նա։ Ըստ Միրզոյանի, ինքը այս համատեքստում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկը», քննարկել դրա ընձեռնելիք հնարավորությունները։
ԱԳ նախարարը նշել է, որ այցերը հնարավորություն են՝ քննարկելու նաև զգայուն հարցեր, որ հուզում են հասարակություններին. «Այս տեսանկյունից կարևոր են միգրացիոն ոլորտում նկատելի փոփոխությունները, դրանց քննարկումը։ Պետք է ջանք գործադրենք, որ այդ փոփոխությունները բացասական արնդրադարձ չունենա մեր քաղաքացիների գործունեության, բարեկամական կապերի վրա»։
Միրզոյանն ասել է, թե անդրադարձել են նաև մեդիաոլորտին առնչվող հարցերի, առաջացող խնդիրների՝ ժամանակին հասցեագրման ուղղությամբ ջանքեր գործադրելուն։
Ըստ նախարարի, անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, խոսել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հարցում Երևանի հետևողական դիրքորոշման մասին, հույս հայտնել, որ դրա ստորագրումն ու վավերացումը ոչ շատ հեռու ապագայում կարող է կյանքի կոչվել։ «ՀՀ-ն հաստատակամ է և շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար, և, մեր համոզմամբ, սա համապատասխանում է մեր անմիջական հարևանությամբ գտնվող բոլոր երկրների շահերին ու հետաքրքրություններին»։