Քաղաքական

Սիմոնյանը ուշադրությունն է հրավիրել ապօրինի պահվող անձանց խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 19-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությանը:

Ընդգծելով երկու երկրների միջև խորացող համագործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը գործընկերոջը հայտնել է երկկողմ բարեկամական հարաբերությունները նոր՝ ֆունկցիոնալ մակարդակի բարձրացնելու ցանկության մասին՝ առաջարկելով դիտարկել Հայաստանի ու Կիպրոսի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրի կնքումը, ինչն իր հերթին ողջունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը: Կողմերը հանգամանալի անդրադարձել են նաև միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերին և երկկողմ հետաքրքրության այլ թեմաների: Առանձին անդրադարձ է կատարվել նաև Կիպրոսի հայ համայնքի գործունեությանը և երկու երկրների միջև եղբայրական հարաբերություններում դրա ունեցած առանցքային դերին:

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրները՝ այդ համատեքստում ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին՝ կարևորելով նաև անհետ կորած զինծառայողների հարցը:

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը և Անիտա Դիմիտրիուն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Խորհրդարանների ղեկավարների հանդիպումը եզրափակվել է խորհրդանշական ծառատունկով: