Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն անիրատեսական է որակել վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությունը․
«Ուղղակի քարոզիչներ կան՝ մտել են սրա մեջ, չպատկերացնելով՝ ինչ են անում։ Չեմ լսել գեթ մեկ կարծիք, որ դա իրատեսական գործընթաց է։ Կարող եմ ասել՝ ում է սա հետաքրքիր․ կարող է մարդ լինել, ում համար, օրինակ, 48 ժամ վարչապետի թեկնածու լինելը կյանքի երազանք է․ հարցազրույցներ կտա, քննարկումների կիզակետում կհայտնվի»,- ասել է նա։
Քոչարյանն անդրադարձել է հայտարարություններին, թե փողոցի ճնշմամբ պետք է իմպիչմենտ լինի. «Եթե փողոցի ճնշումը լինի, էլ ի՞նչ իմպիչմենտ․ էն ա՝ հրաժարական է տալիս, հարցը լուծվում է։ Իսկ բազմություն հավաքվելու համար նախահեղափոխական իրավիճակ է պետք երկրում, իշխանությունը պետք է վերահսկողությունը կորցնի։ Սիրուն անուններով, սահմանադրությանը հղումներ անելով․․․ անլուրջ է։ Դրա համար մենք չենք կպչում էդ պատմությանը։
«Պատիվ ունեմ»-ը հայտարարեց, որ թեկնածու չունեն․ տարօրինակ չէ՞, որ երկարամյա իշխող կուսակցությունը վարչապետի թեկնածու չունի։ Համապատասխան որակի մարդ չունե՞ն, թե՞ չեն ուզում։ Գտնում եմ՝ երկրորդ տարբերակն է․ չեն ուզում, քանզի հեռանկար չեն տեսնում պրոցեսում։ Մեր ֆրակցիայից միայն մի 8 հոգի կարող է թեկնածու լինել՝ իր անցած ճամփով, փորձով, ուղղակի մարդ չունենք, որ 48 ժամվա համար պատրաստ է նման քայլի գնալ։ Կարծում եմ՝ որևէ լուրջ գործիչ չի մտնի իմպիչմենտի գործընթացի մեջ»։