ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին։
«Ո՞նց եղավ, որ ՌԴ-ն 1991-2023 թիվը լավ գործընկեր էր, հետո հանկարծ վատը դառավ։ Ինչ պայմանավորվում էինք այդ երկրի հետ, 100%–ով արվում էր։ 2020թ․ պատերազմի ժամանակ ՌԴ-ն էր միջնորդում, ջանք թափում հոկտեմբերին, որ կանգնի պատերազմը։ Մենք մերժեցինք։ Վարչապետն ասաց՝ կկռվենք, որ իրեն «դավաճան» չասեն։ Դա էլ գցե՞նք ռուսի գրպանը․ հերիք է, էլի։ Ամեն բան փոխվեց, որովհետև Հայաստանը ձեռները լվաց, այլ ուղի բռնեց, Մոսկվան էլ մտածեց՝ դե, Հայաստանն այլևս մեր գործընկերը չէ, փորձենք Ադրբեջանի հետ խորացնել մեր հարաբերությունները։ Իրենց շահերից բխող քայլ էր, բայց պատճառը ո՞րն էր, սկիզբն ի՞նչ եղավ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները զրոյացրել են ՌԴ միջնորդական դերը Պրահայում, ու նեղացածի կեցվածք Ռուսաստանը պետք է ընդուներ դրանից հետո, ոչ թե մենք. «Հայաստանն աշխարհաքաղաքական որբի կարգավիճակում է այսօր, իսկ նման կերպ հարցեր չեն լուծվում հօգուտ քեզ»,- ասել է նա։