Քաղաքական

Վարչապետը կարևորել է Հայաստանի ու Նիդերլանդների հարաբերությունների խորացումը

Տիրանայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ու Նիդերլանդների միջև բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը և ժողովրդավարության ոլորտում համագործակցության խորացմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության զարգացումների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով դրա հնարավոր դրական ազդեցությունը տարածաշրջանային կայունության ու համագործակցության վրա։

Հայաստանի և Նիդերլանդների վարչապետները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունը և քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերության խորացման ուղղությամբ։