Քաղաքական

Էդմոն Մարուքյանը զանգահարել է ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որի թեկնածությունը ՄԱՍԿ-ն առաջադրել է վարչապետի թեկնածու, ուղիղ եթերում զանգահարել է ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին։ 

«Գործող վարչապետի անվստահության գործընթաց է մեկնարկում խորհրդարանում»,- ասել է Մարուքյանն ուղիղ եթերում։

Մարուքյանն անդրադարձել է նաև իմպիչմենտի համար ձայներ ունենալու հացրին. «Յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավոր չի միանա այդ գործընթացին։ Բոլորս գիտենք՝ ում մասին է խոսքը։ Սակայն իրավիճակ է փոխվել հիմա, որովհետև ՔՊ-ից այլևս դուրս եկած 2 պատգամավոր կան, որ հայտարարեցին՝ խորհրդարանական ընդդիմության իմպիչմենտի գործընթացին իրենք չեն միանա, բայց կնախաձեռնեն իմպիչմենտի գործընթաց»։

Նա ուղիղ եթերում խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին առաջարկել է հանդիպում կազմակերպել իր հետ։

Մարուքյանը տեսաուղերձի ժամանակ զանգահարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և պայմանավորվել հանդիպել, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը չի պատասխանել զանգին։

«Մեզ մնում է հանդիպել 2 ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների հետ և քննարկել իմ թեկնածության հարցը»,- ասել է Մարուքյանը: