Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Բազմակողմանիության քայքայումը, մարդու իրավունքների համակարգի թուլացումը, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտումը և ժողովրդավարական հաստատությունների հանդեպ հասարակության աճող հիասթափությունն, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքները կազմում են այդ մարտահրավերների մի մասը։ Այս համատեքստում, ժողովրդավարական կառավարման հանդեպ վստահության վերականգնումը, դրա հիմնարար սկզբունքների ամրապնդումը և իմաստալից հարմարեցումն էական նշանակություն ունեն մեր ընդհանուր արժեքների պաշտպանության և առաջմղման համար։
Այստեղ կցանկանայի ընդգծել Գլխավոր քարտուղարի և նրա թիմի կողմից իրականացված արժեքավոր աշխատանքն՝ ուղղված Եվրոպայի համար «Նոր Ժողովրդավարական պակտի» մշակման և ներկայացման ուղղությամբ։
Հայաստանը վերահաստատում է իր ամուր աջակցությունն այս նախաձեռնությանը և պատրաստ է ակտիվորեն նպաստել նրա նպատակների իրագործմանը՝ ժողովրդավարությունը դարձնելու ավելի դիմակայուն, ներառական և ապագային պատրաստ։ Այս համատեքստում, ուրախ եմ նշել, որ իմ երկիրն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության հենասյուների ամրապնդման և տարբեր ինդեքսներում դիրքերի բարելավման ուղղությամբ, վերջերս՝ մամուլի ազատության հարցերում՝ իր ցուցանիշներով առաջատարը լինելով տարածաշրջանում:
Ժողովրդավարական հաշվետվողականության և իրավունքի գերակայության ապահովման համատեքստում մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային դերակատարությանը, Դատարանի վճիռների, ինչպես նաև միջանկյալ միջոցների արդյունավետ կատարմանը՝ վերջինը հումանիտար հարցերի հասցեագրման իմաստով։ Դատարանի վերջնական վճիռների կատարման գործում շոշափելի առաջընթացի ապահովման միջոցով Հայաստանը հավատարիմ է մնում համապատասխան որոշումների հետևողական իրականացմանը:
Իմ երկիրը նաև ակտիվորեն ներգրավված է շրջակա միջավայրի խնդիրների արդյունավետ հաղթահարմանն ուղղված ջանքերում և կրկնապատկելու է իր ջանքերը՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP-17) նախագահող երկիր:
Հարգելի՛ գործընկերներ,
Աշխարհաքաղաքական լարվածության և անորոշության ներկա միջավայրում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը։ Ինչպես գիտեք, Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել և վերջնականացվել է։ Ուշագրավ է, որ այսօրվա Նախարարական որոշումներից մեկով կրկին արձանագրվում է այս կարևոր հանգրվանը, և պայմանագրի շուտափույթ ստորագրման և վավերացման կոչ է արվում։ Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունն ընթանալու այս ճանապարհով առանց որևէ հապաղման»։