Կալանքների թիվը հիմա արդեն հասել է 2282-ի և մեծ տեմպով աճում է. հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Ասում են՝ դե, հանցավորության դեմ պայքար ենք իրականացնում, բա այդ դեպքում ինչու՞ ՔԿՀ-ներում ապրիլի 1-ի դրությամբ ավելի քիչ դատապարտված մարդ կա, քան կալանավորված։ Սա չի՞ նշանակում, որ էս թվերն աշխատանքի իմիտացիա են պարզապես, ոչ թե՝ իրական աշխատանք: Իրական աշխատանքը հանցանքն ապացուցելու, ապացույցներ հավաքագրելու մեջ է, հետո նոր՝ մարդկանց մեղադրանքներ առաջադրելու»,- մասնավորապես նշեց Թորոսյանը։
Պատգամավորը հիշեցրեց, որ երկու կոմիտեների նախագահների փոփոխություններ են եղել.
«Եթե մենք պիտի նույն գործելաոճով գնանք առաջ և ունենանք ավելի շատ կալանավորված անձինք ՔԿՀ-ներում, կներեք, բայց ես համարում եմ, որ պետք չէր փոխել նրանց, լավ էլ աշխատում էին, էլի։ Հա, ոչինչ, մեկ-մեկ Ազգային ժողովի դահլիճում մի քիչ տաքանում էին, բայց լավ էլ աշխատում էին»,- ասաց Թորոսյանը։
Պատգամավորը շեշտեց, որ իրավիճակը պետք է փոխվի, կամ պետք է ողջամիտ բացատրություններ լինեն՝ ինչու է այսպես ստացվում․
«Ջայլամային տրամաբանությունը, երբ գլուխներս մտցնում ենք ավազի մեջ ու ասում՝ ամեն ինչ լավ է, չի կարող պարզապես շարունակվել»։