ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն, անդրադառնալով վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկին, նշել է, որ այդ գործընթացը հնարավոր է ու պետք է սկսել այն ժամանակ, երբ երկրում կա երկիշխանություն․ «Այսօր նման իրավիճակ չկա»,- ասել է Վարդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա հիշատակել է նաև ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի հայտարարությունները ևս, երբ նա էլ է ասել՝ իմպիչմենտը հնարավոր է այն դեպքում, երբ առկա հզոր հանրային ճնշում։ Նա կարևորել է նման իրավիճակի ստեղծումը. «Միասնական թեկնածուն որոշվելու է կամ փողոցում՝ հզոր ճնշման արդյունքում, կամ ընտրություններով։ Քայլերի հերթականությունը խառնելն ավանտյուրա է կամ սադրանք»,- ասել է նա։ Ըստ Վարդանյանի՝ հիմա նման առաջարկով պատգամավորներին դիմելով՝ փորձ է արվում շանտաժի ենթարկել «Հայաստան» խմբակցությանը. «Կամ իմպիչմենտի եք գնում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությամբ, կամ ընդունեք՝ Ռոբերտ Քոչարյանը ձեր թեկնածուն չէ»։
Նրա համոզմամբ՝ «Հայաստան» խմբակցության առաջնորդը Հայաստանի երկրորդ, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ երրորդ նախագահն է։
Աղվան Վարդանյանն առաջարկի հեղինակներ Նարեկ Մալյանին ու Էդգար Ղազարյանին կոչ է արել չափերը ճանաչել։ Նա նաև անդրադարձել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե իրենք մինչև 2026թ. իշխանափոխության ծրագիր ունեն. «ՀՀԿ-ն նաև միշտ հայտարարել է, որ ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող միայնակ իշխանափոխություն անել, ուրեմն, այդ ծրագիրը կներկայացվի, կտեսնենք։ Վստահ եմ՝ այդ ծրագիրը հենց այսօր իմպիչմենտ սկսելը չէ»։
Ըստ Վարդանյանի՝ այս թեման իր համար փակ է, իսկ Քոչարյանի ու «Հայաստան» դաշինքի դեմ արշավը բարոյական չէ։