Գյումրիում 31-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում:
Փաստաբան Սոս Հակոբյանի խոսքով՝ Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամի կամքի վրա ազդեցություն է եղել։
Ըստ փաստաբանի, ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» 6-հոգանոց խմբակցությունից Կարեն Բադալյանը դիմում էր գրել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականի դիմում էր ներկայացրել։
«Կա յոթօրյա ժամկետ, որ համայնքի ղեկավարից հենց ստացավ գրությունը, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարը պետք է իր արձանագրությունը կազմի ու տրամադրի, որ լիազորությունը դադարել է: Հիմա այդ ֆունկցիան նա գոնե մինչև այսօր չի արել, իսկ այդ յոթօրյա ժամկետը, մեր հաշվարկով, անցել է:
Իր դիմումից երկու օր հետո Կարենը Բադալյանը, բոլորին անհայտ հանգամանքներում, նորից դիմում է գրել՝ խնդրելով անտեսել իր նախորդ դիմումը։ Նա ցանկանում է շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ և դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից: Այսինքն, այստեղ միջամտություն է տեղի ունեցել»,-ասաց նա:
«Այդպես չի լինում․ անձը ապրիլի 21-ին հրաժարվում է իր մանդատից, բերում է պատճառներ և ընդամենը երկու օր հետո ասում՝ չէ, փոշմանեցի: Բացի այդ, հայտարարում է, որ ավագանու անկախ անդամ է ուզում լինել»:
Փաստաբանը վստահ է, որ սրանով փորձ է արվում Գյումրիում ընդդիմության դիրքերը թուլացնել, և սա անում է իշխանությունը։