Քաղաքական

Վարչապետին անվստահություն ներկայացնելու գործընթացի հիմքեր այսօր չկան. Օհանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն ներկայացնելու գործընթացը հիմքեր պետք է ունենա․ այդ հիմքերն այսօր առկա չեն․ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ 

«Այս պայմաններում դա նշանակում է նախորոք գնալ ձախողման, և կարծում եմ՝ այդ քայլերը հենց այն քայլերն են, որ հենց Նիկոլ Փաշինյանին են պետք»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:

Նրա խոսքով՝ իմպիչմենտի մասին առաջին անգամ հենց «Հայաստան» դաշինքը և նրա մաս կազմող ուժերն են արտահայտվել․ «Մեր գործունեության հիմնական նպատակներից մեկը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է»: 

«Նախաձեռնողները գիտեն, որ մեզ պետք է 36 ձայն՝ այդ գործընթացը սկսելու, և նաև 54 պատգամավորների աջակցություն ՝ այն հաջողությամբ ավարտելու համար։ Այս նախաձեռնության հեղինակները որևէ քաղաքական ուժ չեն ներկայացնում և նաև պատասխանատվություն չեն կրում: Այս տարիների ընթացքում նաև փողոցային պայքարն է ցույց տվել, որ նրանք նաև դրսում ընդվզող ժողովրդի աջակցություն չեն կարող առանձին ապահովել: Այս տարիների աշխատանքը ցույց է տալիս, որ նույնիսկ եթե ընդվզող աջակցություն լինի, դեռևս մենք չգիտենք՝ հաջողություն կունենանք, թե չէ։ Այս առումով, թիրախավորել միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին, անընդունելի է։ Մեզ հետ շանտաժի լեզվով չի կարելի խոսել»,- նշեց Օհանյանը: