«Հայաստանի և Չինաստանի միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» համաձայնագրի նախագիծն անցել է ներպետական համաձայնեցման փուլը և ուղարկվել չինական կողմին՝ փոխհամաձայնեցման․ Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Համաձայնագիրը հնարավորություն կտա կարգավորել երկու երկրի միջև ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացումը, կնպաստի երկրների միջև փոխշահավետ տնտեսական և գործարար կապերի խթանմանը, ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումների ոլորտի զարգացմանը, միջազգային տրանսպորտային միջանցքների շրջանակներում համագործակցության ընդլայնմանը»,- նշված է պատասխանում:
Նախարարությունից հայտնում են, որ ներկայումս աշխատանքներ են իրականացվում համաձայնագրի նախագծի վերջնական համաձայնեցման ուղղությամբ, որի ավարտից հետո համաձայնագրի ստորագրման գործընթացը կսկսվի:
«Համաձայնագիրը հայկական տրանսպորտային ընկերություններին թույլ կտա փոխադրումներ իրականացնել երկու երկրների միջև՝ փոխադարձ թույլտվությունների համակարգի շրջանակներում պարզեցնելով փոխադրումների գործընթացը, նվազեցնելով ինքնարժեքը և վերացնելով խոչընդոտները: Ընդհանուր առմամբ, այն կդիվերսիֆիկացնի Հայաստանի բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ոլորտը, կստեղծի նոր առևտրային հնարավորություններ և կամրապնդի Հայաստանի դերը՝ որպես տարածաշրջանային տարանցիկ կապող օղակ»,- մասնավորապես նշված է պատասխանում:
Անժելա Պողոսյան