«Այս ամենը քաղաքական ճնշում է իմ նկատմամբ»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ելույթ ունենալով քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու մասին դատախազի միջնորդության քննարկման ժամանակ։ Նրա խոսքով, քրեական գործը հարուցվել է «հայտնի դեպքերից» հետո։
Նա պատասխանել է իրեն ուղղված հարցերին, թե ինչու հիմա քրեական գործ հարուցվեց, ու ինչու ինքը նախկինում վարչապետին չէր քննադատում, բայց հիմա այդպես է վարվում՝ մանդատը վայր դնելու խնդրանքը մերժելուն հաջորդած իրադարձություններից հետո։
«Այն հարթակներում, որտեղ կարելի էր, իմ քննադատությունը ներկայացրել եմ, շատերը լավ գիտեն, բայց թիմային տրամաբանությունից ելնելով՝ շատ բան չեմ հրապարակայնացրել»,- ասել է նա՝ հրապարակելով, թե ՔՊ նիստերին որ հարցերի վերաբերյալ է ինքը դեմ արտահայտվել։
«Վարչապետին թվացել է, թե ես խանգարում եմ պետական նշանակության հարցերի ընդունմանը, իմ համեստ կերպարով որոշակի անհարմարություններ կարող եմ առաջացնել, հետևաբար, ինքը դիմեց այս ճանապարհով ինձ մեկուսացնելուն, քաղաքականությունից հեռացնելուն։ Եթե դա է գինը, և խաղաղության պայմանագիրն ու դրա հետ կապված հետագա ամեն ինչը օգտակար կլինեն մեր պետության համար, ապա ոչինչ, թող ես այդ գինը վճարեմ»։