Քաղաքական

«ԱԺ-ն չի կարող փոխարինել ՍԴ-ին». բանավեճ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Հռոմի ստատուտի վավերացումից հետո վարման կարգի ելույթում գործընթացն անվանել է հակասահմանադրական գործընթաց․

«Սահմանադրությանը հակասող որևէ բան չի կարող որևէ այլ դրույթներով արդարացվել, հետևաբար, ԱԺ-ն, քաղաքական մեծամասնությունը այս քվեարկությամբ գերազանցեցին իրենց լիազորությունները»,- ասաց նա։

Ի պատասխան Մինասյանի՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ սահմանադրական դատարանը քննության է առել Հռոմի ստատուտն ու եզրակացություն տվել, որ այնտեղ ամրագրված որևէ դրույթ չի հակասում սահմանադրությանը. «Մենք կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ տարբեր գործընթացների վերաբերյալ, բայց ԱԺ-ն չի կարող փոխարինել ՍԴ-ին ու կասկածի տակ դնել ՍԴ որոշումները»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ասաց, թե հակասահմանադրականության մասին պնդումները պատրվակ են. «Ընդդիմությանն ասվել է՝ կգնաք, դեմ կքվերակեք, իրենք էլ դեմ են քվեարկել»։

ՊՈւ խմբակցությունից Աննա Մկրտչյանն էլ նշեց, թե փորձ է արվում ԱԺ դահլիճից սուտ սփռել։ Ըստ նրա՝ կանոնադրությունը ոչ մի կապ չունի Հայաստանի տարածքային ամոբղջականության, արցահայության իրավունքների հետ. «Ինչպես արդեն բազմաթիվ միջազգային ատյաններում, անգամ՝ միջազգային դատարաններում, բարձրաձայնվել ու որոշումներ են կայացվել և մնացել անկատար ու վերացարկված, նույն տրամաբանության մեջ մնալու է նաև այս կանոնադրությունը»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հիշեցրել է, որ ընդդիմությունը նախագծի քննակմանը չմասնակցեց, բայց քվեարկությունից հետո, երբ այն արդեն ընդունվել է, փորձում է քննարկում ծավալել վերջինիս սհամանադրականության վերաբերյալ. «Գայիք, ելույթ ունենայիք, հարց տայիք, խոսեիք հակասահմանադրականության մասին։ Իսկ հիմա վարման կարգի տրամաբանության մեջ քննարկել արդեն քվեարկված նախագիծն, անընդունելի է»։