Քաղաքական

Դիտարկվում է տեղահանված հայերին Կիպրոսում տեղավորելու հնարավորությունը. Կիպրոսի ԱԳՆ

Կիպրոսի ԱԳՆ-ն դատապարտել է սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի համաձայնագրի կոպտագույն խախտումը։

Կիպրոսի ԱԳՆ-ն նաև կոչ է արել համապարփակ երկխոսություն վարել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը:

«Կիպրոսի կառավարությունը պատրաստ է անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերել հարկադիր տեղահանվածներին՝ Լեռնային Ղարաբաղ հայերին, որոնք հազարներով լքում են իրենց նախնիների տները։ Այս առումով դիտարկվում է նաև անհրաժեշտության դեպքում մի շարք տեղահանված հայերի մեր երկրում տեղավորելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։