Radar Armenia-ի զրուցակիցն է միջազգայնագետ Շահան Գանտահարյանը
- Նախ կխնդրեի անդրադառնալ Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին, ներկայացնել Ձեր դիտարկումներն ու գնահատականները կատարվածին։
- Բաքվի սանձազերծած պատերազմի տևողությունը, ռուս խաղաղապահների կրավորականությունը և միջազգային հանրության հանդիսատեսությունը մտածել է տալիս, որ սա համաձայնեցված գործողություն էր, որի նպատակը արցախյան կողմից ընդունել տալն էր, որ համարկման օրակարգով բանակցությունների առաջարկին համաձայնեն, որի առաջին պայմանը Արցախի զինյալ ուժերի լուծարումն է։
- Այսքանից հետո Ղարաբաղում ինչ զարգացումներ եք ակնկալում։
- Սկսվելու է նոր գործընթաց։ Ստեփանակերտ-Բաքու բանակցություններ։ Օրակարգերը որոշակի առումով հայտարարվել են, սակայն պարզ չէ մեթոդաբանությունը։ Կարծում եմ՝ կլինի ռուսական միջնորդություն։ Ռուսները պիտի փորձեն այնպիսի միջավայր ձևավորել, որ բնակչությունը մնա Արցախում։ Այդ հանգամանքից է կախյալ ՌԴ խաղաղապահ ուժերի կեցությունը Արցախում։ Ահա այստեղ դարձյալ կլինի մրցապայքար։ ՄԱԿ-ը պիտի փորձի արծարծել միջազգային ներգրավվածության անհրաժեշտությունը։ Դրա մասին, իբրև հրամայական, հնչել է ՄԱԿ անվտանգության արտահերթ նիստի ընթացքում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների կողմից։
Մի կողմից ՌԴ–ն պիտի փորձի համարկումի օրակարգի համապատասխան երաշխավորություններ ստանձնել, մյուս կողմից միջազգային հանրությունը պիտի բարձրացնի Արցախի բնակչության անվտանգության իրավունքների խնդիրը և այդ առաջադրանքով պահանջի միջազգային ներկայություն։
- Կխնդրեի գնահատել ռուսական կողմի քայլերը, քանի որ իրենք են դարձել տեղի հայ բնակչության անվտանգության միակ երաշխավորը։
- Առաջին պայմանավորվածությունները՝ ադրբեջանական զորքի հետքաշման, քաղաքացիների բնակավայր վերադարձի և Արցախ ելումուտը ապահովելու ուղղություններով, խոսում է այն փաստի մասին, որ Մոսկվան փորձում է երաշխավորել այնպիսի գործողություններ, որոնք թափ չեն հաղորդի բնակչության տարհանման։ ՌԴ–ի քայլերը Արցախում, կարծում եմ, միտված են լինել իրենց կեցության ժամկետը երկարաձգելուն։
- Ադրբեջանը, կարծես, հաջորդիվ օրակարգի հարց է դարձրել «զանգեզուրյան միջանցքը»։ Սա նշանակու՞մ է ևս մեկ էսկալացիա՝ արդեն Հայաստանի սահմանին։
- Նախիջևան-Ադրբեջան հարղորդուղին կբացվի հիմնականում երեք երկրների համաձայնությամբ՝ ՌԴ, Իրան և Թուրքիա։ Եթե երեք երկրները, բացվելիք ճանապարհի կարգավիճակի և դրա վերահսկողության մեխանիզմի շուրջ համաձայնեն, այդ դեպքում ճանապարհը կբացվի։ Հիմա Բաքուն գնալու է խաղաղության պայմանագրի ուղով, որտեղ անպայման կետ կա Նախիջևան-Ադրբեջան հաղորդուղիների մասին։
- Հիմա, երբ Ադրբեջանը ԼՂ հարցը փակված է համարում, այդ թվում՝ հասել է ցանկալի նպատակին, կարո՞ղ ենք տեսնել ՀՀ հետ խաղաղության գնալու իրական կամք և քայլեր, և այս առումով հնարավո՞ր է, եթե ոչ մինչև տարեվերջ, ապա հաջորդ տարի խաղաղության պայմանագիր տեսնել։
- Խաղաղություն կլինի, երբ ռազմական հավասարակշռություն վերահաստատվի։ Այլապես Բաքուն միշտ նոր առաջադրանքներ է արծարծելու և դրա ուղղությամբ դիմելու ռազմաքաղաքական գործողությունների։ Այլապես պայմանագրերը չեն աշխատելու, ինչպես չաշխատեց նոյեմբերյան եռակողմը։
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պիտի լինի ապառազմականացված գոտի, որտեղ գուցե անհրաժեշտ կլինի երրորդ կողմի խաղապահությունը։ Տարբեր խնդիր է, որ այդ խաղաղապահության բաղադրության շուրջ թէական համաձայնությունը պիտի բախվի աշխարհաքաղաքական տարբեր շահերի և առաջադրանքների։
Հայկ Մագոյան