Քաղաքական

Սահմանային ամբողջ ծառայությունները իրականացվելու են միայն հայկական ծառայությունների կողմից. Արմեն Գրիգորյան. Լուրեր

Ապաշրջափակման հարցում կարևոր սկզբունքներից է սուվերենությունն ու փոխադարձությունը: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Երկար ժամանակ Հայաստանի վրա տարբեր ձևերով ճնշումներ էին գործադրվում այդ սկզբունքներից դուրս որևէ լուծման համար: Ներկայում ավելի հստակ է դարձել, որ Հայաստանն այդ քայլին չի գնալու, սեպտեմբերյան պատերազմի պատճառներից մեկը հենց դա էր», ասել է նա:

Անդրադառնալով ապաշրջափակման հետ կապված հարցերին Արմեն Գրիգորյանն ասել է, որ ՀՀ կոնտեքստում մոտեցումն այն է, որ սահմանների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի ներքո:

«Սահմանային ամբողջ ծառայությունները իրականացվելու են միայն հայկական ծառայությունների կողմից»,-ասել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ եթե բանակցությունների ինտեսիվությունը պահպանվի և միջազգային հանրության աջակցությունը լինի, ապա հնարավորություն կլինի մինչև տարեվերջ կնքել խաղաղության պայմանագիրը:

Խոսելով ՌԴ-ից գնված զենքի մատակարարման հետ կապված խնդրի մասին Արմեն Գրիգորյանն ասաց.

«Հաշվի առնելով ՌԴ-Ուկրաինա պատերազմը և ՌԴ-ի կարողություններն այդ պատերազմը սպասարկելու հարցում, հաշվի առնելով նաև, որ կարողություններն այդքան մեծ չեն, որ արտահանում էլ տեղի ունենա, մենք գնացել ենք այլ ռեսուրսներ որոնելու ճանապարհով, մի մասով նույնիսկ արդյունքներ էլ ունենք»: