Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- Մոսկվայում ավարտվել է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը, որը 20 րոպե է տևել։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները հաջորդ շաբաթ շարունակել փոխվարչապետերի մակարդակով։ Ի՞նչ տպավորություններ ունեք մոսկովյան հանդիպումից։
- Հանդիպումների երկարատև կամ կարճատև լինելը կարող է մեկնաբանությունների դուռ բացել։ Լրահոսն, օրինակ, կենտրոնացել է վաշինգտոնյան բանակցությունների երկարատևության վրա․ մինչ հիմա 20 րոպեի մասին է խոսվում։ Բայց երկու դեպքում էլ պարզ է, որ երաշխավորության, մոդերատորության մրցակցություն է գնում։ Չեմ ակնկալվում բեկումնային որևէ արդյունք․ զուգահեռ բանակցություններ են գնում։ Լուսարձակները կենտրոնացել են նոյեմբերի 9-ի համաձայնության 9-րդ կետի իրականացման վրա, իսկ այստեղ պարզ է, որ կան հակասական մոտեցումներ։
- Պուտինը հայտարարեց, որ Ադրբեջանը վստահեցնում է, որ անվերապահ ճանաչում է Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը, և որևէ այլ մեկնաբանություն՝ կապված տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ, որևէ հիմք չունեն։ Սա ինչի՞ մասին է խոսում։
- Միանշանակ չի այս հայտարարությունը։ Եթե Ադրբեջանը ընդունում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այդ դեպքում ինչո՞ւ է բարձրացնում «միջանցքի» խնդիրը։ Կամ՝ զավթված տարածքներից հեռանալու մասին ակնարկ չկա։ Չեմ կարծում, որ խնդիրը «միջանցք-խաչմերուկ» տերմինաբանությանն է վերաբերում։ Խնդիրը տարածքային գերիշխանության և արտատարածքային հատված առաջադրելուն է վերաբերում և, իհարկե, զավթված տարածքներից հեռանալուն։
- ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցում։ Նա նշել է, թե կողմերի հետ քննարկումներում հավատարիմ են եղել իրենց դիրքորոշմանը՝ եռակողմ հայտարարության ոգուն ու տառին համապատասխան։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու՞ չի բացվում Լաչինի միջանցքը։
- Մոսկվան կառչած է նոյեմբերյան և դրա ածանցյալ եռակողմ պայմանավորվածություններից։ Սա իրավապայմանագրային պատնեշ է Արևմուտքի թափանցմանը և զուգահեռ բանակցություններ վարելու առաջադրանքի իրականացմանը։ Մյուս կողմից, ճիշտ է Ձեր դիտարկումը, թե ինչու է Լաչինի միջանցքը մնում փակ։ Ավելի կոնկրետ՝ ադրբեջանական անցակետ է տեղադրված, ինչը չկար նոյեմբերյան համաձայնությունում։ Դա բացառապես ռուսական վերահսկողության տարածք է։ Կարծում եմ՝ սա ճնշամիջոց է՝ արագացնելու Նախիջևան-Ադրբեջան կապը կամ ապաշրջափակումը։ Իսկ այստեղ «անցակետ՝ անցակետի դիմաց» բանաձևն են փորձում առաջ քշել։ Սա արդեն եռակողմ համաձայնությունների լուրջ խախտում է։
- Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարեց, որ Հայաստանի տարածքով միջանցք չի լինելու։ Այս հայտարարությունը ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ։
- Նոյեմբերյան համաձայնության մասին է խոսքը, որտեղ միջանցքի մասին խոսք չկա․ Ադրբեջանը, ճանաչելով Հայաստանի ամբողջականությունը, զորքերը պահելով հայաստանյան ինքնիշխան տարածքներում և միջանցք առաջադրելով, տորպեդահարում է կայացած և կայանալիք համաձայնությունները։ Ըստ էության, նոյեմբերյան համաձայնությունը չի հարգվում։ Դա կարող է դուռ բացել այլ ձևաչափերով և այլ երաշխավորությամբ համաձայնության նախագծերի առաջադրմանը։
- ԵԱՏՄ բարձրագույն նիստին Ալիևի ներկայությունը ինչպե՞ս կընկալի հավաքական Արևմուտքը։
- Դա կողմերի միջև չեզոքություն վարելու Մոսկվայի վարքագիծն է՝ ընդունելի երաշխավորի եւ միջնորդի կարգավիճակը պահպանելու համար։ Իսկ դա, իր հերթին, Արևմուտքի երաշխավորությունն ու ներգրավվածությունը արգելակելու միտում ունի։
Հայկ Մագոյան