Քաղաքական

Արաբ գործընկերները համոզվեցին` այս հակամարտությունը կրոնական երանգ չունի. Միրզոյան

Անդրադառնալով վերջերս Եգիպտոս կատարած իր այցին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ մասնակցել է Արաբական երկրների լիգայի նախարարական մակարդակով նիստին:

Նրա խոսքով, ՀՀ-ն անկախության հռչակումից ի վեր ավանդական ջերմ, բարեկամական հարաբերություններ է ունեցել և այսօր էլ ունի արաբական պետությունների հետ. «Այցը շատ լավ առիթ էր միանգամից մեկ սրահում արաբական երկրների ԱԳ նախարարների ներկայությամբ ներկայացնել մեր տեսլականը տարածաշրջանում ընթացող զարգացումների շուրջ և 1-2 կարևոր հարցի անդրադառնալ:

Գիտեք, որ վերջերս Ադրբեջանի իշխանությունները փորձ են անում հավելյալ երանգ հաղորդել այն ամենին, ինչ կատարվում է և կատարվել է մեր տարածաշրջանում, խոսքը կրոնական երանգի մասին է: Ահա այս այցի ընթացքում կարողացանք հանգամանորեն ներկայացնել, բացատրել մեր գործընկերներին: Կարող եմ վստահեցնել, որ նաև արաբ գործընկերներն ունեն նույն ընկալումը՝ այն բոլոր խնդիրները, որ կան Ադրբեջանի հետ, որևէ կերպ որևէ կրոնական երանգ չունեն»,- ասաց Միրզոյանը: