Քաղաքական

«Սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին». Արարատ Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբերին հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները, սակայն դեռևս չկա արձագանք։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, խոսելով այդ գործընթացի մասին, հիշեցրել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո ՀՀ-ն Մոսկվայում չի մասնակցել Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը. «Այն ենթադրաբար պետք է շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները։ Հասկանալի պատճառներով չմասնակցեցինք, բայց միևնույն ժամանակ մենք մեր խմբագրական առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին։ Այժմ սպասում ենք նրանց արձագանքին։ Որպես կանոն, մինչ այժմ այդպես է ընթացել գործընթացը»։ 

Միրզոյանն ընդգծել է, որ թյուր են պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է, արգելակում է կամ ոչ կառուցողական է խաղաղության գործընթացում. «Մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, ադրբեջանական կողմի պատասխանը պետք է լինի, որը մինչ այս պահը չկա։ Անկախ հանդիպումների հանգամանքից՝ ադրբեջանական կողմն է դադարեցրել բուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները, և զուգահեռաբար տեսնում ենք սադրիչ գործողություններ Լաչինի միջանցքում»։

Հետևեք մեզ Telegram-ում։