Քաղաքական

ՌԴ-ն պետք է հանդես գա իրավիճակի հստակ պարզաբանմամբ. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, շեշտել է՝ այն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է. «Այս կետով պարտավորություն են կրում եռակողմ հայտարարության կողմերից երկուսը՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը»։

Ըստ նրա՝ միջազգային հարթակներում Ադրբեջանի կողմից շրջանառվող դրույթը, թե Լաչինի միջանցքը բաց է երթևեկության համար, «սին է և իրականության հետ ոչ մի կապ չունի»։

Վարչապետը շեշտել է, որ Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի կողմից, ինչը միջազգային պարտավորության կոպտագույն խախտում է. «Եթե նույնիսկ հիմնվենք Ադրբեջանի պրոպագանդիստական վարկածի վրա, թե Լաչինի միջանցքը փակել են էկոակտիվիստները, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված՝ Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկություն ապահովելն Ադրբեջանի ուղիղ պարտավորությունն է։

Այս պայմաններում իրավիճակի հստակ պարզաբանմամբ պետք է հանդես գա ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախումբը և ՌԴ-ն, որն անվտանգային կոնկրետ պարտավորություններ է ստանձնել ԼՂ ժողովրդի առաջ։ Ո՞րն է իրադրության՝ ՌԴ գնահատականը, ո՞րն է Լաչինի միջանցքը վերականգնելու՝ նրա պլանը և ճանապարհային քարտեզը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ՀՀ և ԼՂ հանրությունը սպասում է Ռուսաստանից, որը, հիշեցնեմ, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ է»։