ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախի առողջապահական համակարգում ստեղծված իրավիճակին։
Ավանեսյանը տեղեկացրել է, որ նախարարությունն ու մասնագիտական թիմերը կապի մեջ են ԼՂ հետ, և ծանր պացիենտների հսկողությունն իրականացվում է միացյալ ուժերով. «Այս պահին հետևում ենք իրավիճակին և մեր բոլոր խողովակներով փորձում ճնշում բանեցնել և, ի վերջո, մեր պահանջը տեղ հասցնել, որ այս պացիենտների կյանքին վտանգ է սպառնում, և անհրաժեշտ է րոպե առաջ ապաշրջափակել կյանքի ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, և հնարավորություն ընձեռնել՝ վերականգնել մարդկանց բնականոն կյանքը»։
Անահիտ Ավանեսյանն ասել է, որ միջազգային կառույցներին փոխանցել են իրավիճակի հետևանքով ստեղծված խնդիրների մասին ինֆորմացիա. «Պահանջատեր ենք, որ բոլոր միջազգային կառույցներն իրենց կողմից ճնշում բանեցնեն և, ի վերջո, այս մարդկանց կյանքին վտանգ սպառնացող կրիտիկական վիճակի ուղղման ուղղությամբ քայլեր ձեռնարկեն»։
Նախարարը նշել է, որ ոչ միայն պաշտոնական գրագրությամբ, այլև անմիջական կապի միջոցով է աշխատանք տարվում։
Նա նշել է, որ ԼՂ շրջափակման ամեն օրը ստեղծում է թե պարենային ապրանքների, թե դեղորայքի, թե բժշկական ապրանքների դեֆիցիտ։