Քաղաքական

ՀՀ-ում ընդունվող օրենքները չեն կարող կապ ունենալ արտերկրյա որևէ պաշտոնյայի հետ. ԱԽ քարտուղար

Արդյո՞ք Հայաստանում Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու որոշումը կապված է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի՝ օրերս Երևան այցի հետ։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին ի պատասխան ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե ՀՀ-ում ընդունվող օրենքները չեն կարող կապ ունենալ արտերկրյա որևէ պաշտոնյայի հետ. «Հրատապության մասին խոսել ենք կառավարության նիստում, հրատապությունը մինչ այդ է առաջացել։ Եվ Հայաստանում ներքին գործընթացները կապել ինչ-որ այլ երկրների պաշտոնյաների հետ, ժամանակակից Հայաստանում այնքան էլ տրամաբանական չէ»։

Արմեն Գրիգորյանը նաև տեղեկացրել է, որ նախագիծը գրելիս ուսումնասիրել են միջազգային փորձը. «Բայց հիմնականում մեր ելակետը եղել է այն, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին, և օրենքն ամբողջովին արտացոլում է մեր անհրաժեշտությունը»։