Քաղաքական

Օրենսդրական փոփոխությամբ հնարավորություն կտրվի ՀՀ այցելող զբոսաշրջիկներին առանց սահմանափակման կատարել նաև կանխիկ վճարումներ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հավաստմամբ 2022 թ. հուլիսի 1-ից մեր երկիր այցելող եւ մեկնող զբոսաշրջիկները երբեմն դժվարություններ են ունենում անմաքս առեւտրի խանութներում 300.000 դրամը գերազանցող ապրանքների ձեռք բերման ժամանակ անկանխիկ եղանակով վճարումներ կատարելու պարտադիր պահանջի ապահովման հետ կապված:

ԱԺ պատգամավորն «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացումով առաջարկում է օրենքի գործողությունը չտարածել «Անմաքս առեւտրի» ընթացակարգով իրականացվող ապրանքների առեւտրի վրա՝ հնարավորություն ընձեռելով ՀՀ այցելող զբոսաշրջիկներին առանց սահմանափակման կատարել նաեւ կանխիկ վճարումներ:

Նշվել է նաեւ, որ նախագիծը բարելավող նշանակություն ունի:

Ըստ Բաբկեն Թունյանի՝ օրենքի նախագիծը քննարկվել է Կառավարության գործընկերների հետ, սակայն որոշ հարցեր ճշգրտման կարիք ունեն, ինչով էլ պայմանավորված՝ առաջարկվել է օրինագծի քննարկումը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով:

Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 28-ի հերթական նիստում: