Ռոբերտ Քոչարյանին ոչ մի կերպ չի հաջողվում «յոլա գնալ» ընդդիմադիր դաշտի մյուս գործընկերների հետ։
Հիմա էլ երկրորդ նախագահի կողմնակիցները հակամարտության նոր ճակատ են բացել, այս անգամ, ընդդեմ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի:
Արդեն քանի օր է՝ նրանց թիմերի միջև հրապարակային վեճեր են՝ փոխադարձ մեղադրանքներով ու քննադատություններով։
Քոչարյանականները Տեր-Պետրոսյանին մեղադրում են Սերժ Սարգսյանի հետ միասին գործող վարչապետին պաշտպանելու, նրա դիրքերն ամրապնդելու մեջ։ Սա՝ չնայած այն բանին, որ Տեր-Պետրոսյանը վերջին ամիսներին կոշտ քննադատություն է հնչեցնում գործող իշխանությունների հասցեին՝ վարչապետին մեղադրելով, այդ թվում, ներքաղաքական կյանքի ապակայունացմանը տանող քայլերի մեջ (որևէ ակնարկ չանելով Քոչարյանի կամ այլ ընդդիմադիրի հասցեին)։ Բայց, չգիտես ինչու, քոչարյանականները սա ընդունել են որպես իշխանությանն աջակցություն և հիմա դաշտը լցրել են աղմուկով։
Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի թիմերի միջև անտագոնիզմը մշտական երևույթ է. անկախ երբեմն-երբեմն հարաբերությունների դրվագային ջերմացումներից, միևնույն է, ամենաչնչին առիթով նրանք չեն վարանում հիշեցնել միմյանց անցյալը։
Այս առումով, Քոչարյան-ՀԱԿ այս դիմակայությանը չէինք անդրադառնա, և կատարվածը կհամարեինք էպիզոդիկ, եթե սա իսկապես մի դրվագ լիներ։
Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանի թիմը՝ նրա իսկ գլխավորությամբ, տևական ժամանակ է՝ հակամարտության մեջ են նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի հետ։
Արդեն մեկ-մեկուկես տարուց ավել է՝ նրանք բացահայտ պատերազմի մեջ են, ամենաուղիղ տեքստով միմյանց մեղադրելով գործող իշպանությանը 2018-ին բերելու, ապա նաև՝ սատարելու մեջ։ Որոշ դեպքերում այդ պատերազմին միջամտել են հենց Քոչարյանն ու Սարգսյանը, երբեմն՝ բաց տեքստով, երբեմն՝ ակնարկներով, միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելով։
Ասելիքը նույնն է՝ Քոչարյանի թիմը Սերժ Սարգսյանին է մեղադրում Փաշինյանի իշխանությանը «պահելու» մեջ՝ նաև հիշեցնելով, որ 2018-ին հեշտությամբ հանձնեցին իշխանությանը, երրորդ նախագահի կողմնակիցներն էլ՝ Քոչարյանին, ամեն անգամ հիշեցնելով, որ իրենք իմպիչմենտի նախաձեռնությամբ են հանդես եկել, բայց ԱԺ «Հայաստան» խմբակցությունը չի ստորագրել, ավելին, խոսում են 2026-ի ընտրությունների մասին, իսկ 2018-ի մասին խոսելիս անվանական հիշեցնում՝ ովքեր էին հրապարակում «մերժում Սերժին»։
Երեկ ևս Սերժ Սարգսյանը կսմիթներ ուղղեց Քոչարյանի հասցեին։ Դատավարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում թեև խնդրեց իրեն «Ռոբերտ Քոչարյանի մասին հարցեր չտալ ու Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողնել», բայց նաև հավելեց․ «Ավելի լավ է՝ իմպիչմենտի նախաձեռնության տակ մի հատ ստորագրություն դնել, քան հավերժ անիծել էս իշխանություններին։ Ով դա չի ընկալում, իր գործն է»։ Ասել է, թե նա ուղիղ տեքստով Քոչարյանին մեղադրեց իշխանություններին դեմ գնալուց խուսափելու, հրաժարվելու մեջ։
Ակնհայտ է՝ որքան մոտենան խորհրդարանական ընտրությունները, ընդդիմադիր ճամբարում այդքան ակտիվանալու է ոչ այնքան իշխանությունների, որքան՝ հենց միմյանց դեմ պայքարը։ Հենց սրանով է պայմանավորված արդեն տևական ժամանակ Քոչարյանի ու Սարգսյանի թիմերի միջև «պատերազմը»։ Առավել ևս, երբ տարբեր սոցիոլոգիական հարցումներ վկայում են, որ ընդդիմադիր դաշտի վարկանիշը ոչ միայն չի բարձրացել, այլև, ընդհակառակն, նվազել է։ Անգամ՝ վերջին ամիսներին իշխանությունների ոչ միանշանակ ընկալվող քայլերից հետո, երբ թվում էր՝ պետք է հակառակը լինի։ Ուստի, ոչինչ չի մնում, քան ատամներով կառչել իրավիճակից՝ ձեռքի հետ փորձելով հարվածել ու վարկաբեկել պոտենցիալ հակառակորդներին։
Եվ հետո, ընդդիմադիր դաշտում առաջատարի համարում ունեցող Քոչարյանին կարող է անհանգստացնել նաև ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի կուսակցության ստեղծման հավանականությունը, թեև դեռ հարց է՝ ընդամենը փողի վրա հիմնված նորելուկ միավորը կկարողանա՞ դրսևորվել, թե՞ ոչ։
Բայց վերադառնանք ընդդիմադիր ճամբարին ու Քոչարյանի դերակատարմանը. զբաղեցնելով ընդդիմադիր բևեռը, նա պարբերաբար այսպիսի հակամարտությունների մեջ է մտնում՝ մյուս կողմից շատ լավ իմանալով, որ հանրությունը, միևնույն է, մերժում է իրեն՝ հիշելով 10-ամյա կառավարման մղձավանջը, քաղաքական սպանությունները, ամենաթողությունն ու կոռուպցիան։ Եվ քանի դեռ ընդդիմադիր ճամբարում ինքն է, իշխանությունը (ինչպես տարբեր առիթներով հայտարարել են հենց իշխանական գործիչները) կարող են հանգիստ լինել. միևնույն է, ժողովուրդը նախկիններին ու, հատկապես, Քոչարյանի չի ընտրի։
Եվ հետո, Քոչարյանի դեպքում կա մեկ այլ խնդիր ևս. ինչպես մի առիթով Քոչարյանին բնութագրել էր Տեր-Պետրոսյանը, «Նա ճգնաժամային կառավարիչ է․ ինքը ճգնաժամեր է ստեղծում, հետո՝ կառավարում»։
Արման Գալոյան