Վերլուծություն

Թրամփի վաշինգտոնյան «մենահամերգը», կամ ինչ դաս են քաղել եվրոպացիները

Օգոստոսի 18-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բազմաշերտ բանակցությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ինչպես նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ու ԵՄ ղեկավարների միջև դարձան ուկրաինական պատերազմի շուրջ միջազգային քաղաքականության հերթական կարևոր դրվագը։ Այն փաստացի նախաձեռնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելնելով դրանից առաջ Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպման արդյունքներից։ Սակայն, ինչպես նախկինում, այս անգամ ևս լավատեսական ուղերձներն ու ազդակներն ավելի շատ էին, քան շոշափելի արդյունքները։

Վաշինգտոնյան հավաքի դրդապատճառը, փաստացի, Ալյասկայում Վլադիմիր Պուտինի հայտնած՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններ վարելու պատրաստակամությունն էր, ինչպես նաև առաջարկած տարածքային փոխանակումների նոր սխեման։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Մոսկվան խաղաղության բանակցությունների նախապայման էր համարում Զելենսկու հրաժարականը՝ պնդելով, թե նա լեգիտիմ չէ, և նրա հետ խոսելն «իմաստ չունի»։ Ավելի վաղ Պուտինն անգամ հրաժարվել էր Զելենսկու հետ Ստամբուլում նախատեսված հանդիպմանը մասնակցելուց՝ իջեցնելով բանակցությունների մակարդակը։ Այս իմաստով, Զելենսկու հետ բանակցելու պատրաստակամությունը, այն էլ, որպես նախնական տարբերակ, Մոսկվայում, Կրեմլի կողմից ոչ այնքան տակտիկական նահանջ կարելի է համարել, որքան՝ հաշվարկված քայլ. Մոսկվան գիտի, որ Մոսկվայում բանակցությունները դատապարտված են ձախողման, քանի որ Զելենսկին դժվար թե համաձայներ գնալ ռուսական մայրաքաղաք, իսկ գնալը կնշանակեր նվաստացում և համաձայնում ռուսական նախապայմանների, ըստ էության, կապիտուլյացիոն պահանջներին։

Ինչպես Պուտինին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ

Արևմուտքը փորձում է Պուտինի պատրաստակամությունից առավելագույնը կորզել և նրան հակել դեպի բովանդակային, ոչ թե՝ բուտաֆորիկ բանակցությունների։ Վաշինգտոնում Թրամփի հրավիրած հրապարակային կարճ քննարկմանը նկատելի էր եվրոպացի լիդերների ձգտումը՝ Պուտինի նկատմամբ ճնշումներով գործընթացը դուրս բերել փակուղուց՝ թեկուզ Զելենսկի-Պուտին երկկողմ հանդիպման կամ Թրամփի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովի ձևաչափով։ Հատկապես վերջին տարբերակը դիտվում է որպես հավասարակշռող. Թրամփը կարող է խաղալ միջնորդի դեր, բայց վտանգ կա, որ նրա անձնական սիմպատիաները Պուտինի հանդեպ և ՌԴ-ի հետ այլ հարցերում հնարավոր գործարքների հաշվարկը ամերիկյան մասնակցությունը կվերածեն Զելենսկու նկատմամբ լրացուցիչ ճնշման։ Դա է պատճառը, որ եվրոպական երկրների ղեկավարները, թեև ոչ՝ նախկինի նման համառորեն, սակայն ուզում են հասնել այդ գագաթաժողովին նաև ԵՄ-ի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների մասնակցությանը։

Մյուս կողմից, իհարկե, առանց Թրամփի՝ երկկողմ ձևաչափով հանդիպումը, մեծ հավանականությամբ, կդառնա Պուտինի լարած մարտավարական թակարդը։ Զելենսկու հանդեպ բացարձակ անվստահության պայմաններում Մոսկվան կարող է բանակցային սեղանն օգտագործել ոչ թե փոխզիջումների համար, այլ հակառակը՝ մաքսիմալիստական պահանջներով Կիևին մղել մերժողականության դաշտ։ Այդ դեպքում Պուտինը հնարավորություն կունենա միջազգային հանրությանը ներկայացնելու, թե խաղաղությանը խոչընդոտողը ոչ թե ինքն է, այլ Ուկրաինայի ղեկավարը։

Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում բուն հակամարտության կարգավորման ուղղությամբ որևէ իրական առաջընթաց չի արձանագրվել։ Բոլորը հասկանում էին, որ առանց Ռուսաստանի մասնակցության՝ խաղաղության ճանապարհը փակ է։ Եվ քանի դեռ Մոսկվան ամենասկզբունքային հարցերում շարունակում է մնալ անփոփոխ կոշտ դիրքորոշման վրա, փոխզիջումների և երկարաժամկետ կտրվածքով կարգավորման հնարավորությունը շարունակում են մնալ մշուշոտ։

Ռուսական պահանջները և ուկրաինական ընտրությունը

Հատկապես երեք առանցքային հարցերում մոտեցումները շարունակում են անհամատեղելի մնալ։

Առաջին՝ Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի կամ արևմտյան որևէ ռազմական ներկայության բացառում, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության բացառում։ Ռուսաստանի համար դա կարմիր գիծ է և ներկայացվում է որպես հակամարտության գլխավոր պատճառ։ Եվրոպան ԱՄՆ-ի հետ քննարկում է այնպիսի մեխանիզմ, որի պարագայում Ուկրաինայի անվտանգությունը կապահովեն եվրոպական երկրների զինված ուժերը, իսկ ԱՄՆ-ն կիրականացնի ընդհանուր համակարգումը (հավանաբար, նաև՝ տեխնոլոգիական աջակցությամբ և հետախուզական տվյալների փոխանցմամբ)՝ առանց Ուկրաինայում ուղիղ ռազմական ներկայության։ Այսինքն, մի կողմից, ձևական իմաստով, բավարարվում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին չանդամակցելու պահանջը, մյուս կողմից՝ Ուկրաինան, ֆորմալ իմաստով որպես ՆԱՏՕ-ի գործընկեր, ստանում է եվրոպական և ամերիկյան անվտանգային հովանոցը։ Այս մանևրները Մոսկվան, իհարկե, շատ լավ տեսնում է և դժվար թե տրվի ինքնախաբեության։ Պատահական չէ, որ Մոսկվայից արդեն հայտարարում են, թե պատրաստ են քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ՝ Չինաստանի մասնակցությամբ, իսկ այդ հարցի վերջնական լուծումը հնարավոր չէ առանց Մոսկվայի համաձայնության։

Երկրորդ՝ Ուկրաինայում ռուսախոս բնակչության համար հատուկ կարգավիճակի և արտոնությունների երաշխավորում։ Մոսկվան հետևողականորեն փորձում է Ուկրաինայում անվտանգության ու ինքնութենական ապահովության պայմաններ ստեղծել էթնիկ ռուսների համար, որպեսզի հնարավորություն ունենա այն վերածել ապակայունացման գործիքի՝ ապագա ճգնաժամերի դեպքում խաղարկելու համար։ Այդ տարրի ու ռուսական ուղղափառ եկեղեցու նկատմամբ ցանկացած նեգատիվ քայլ, անգամ՝ իրականացված ոչ պետական մակարդակով, Մոսկվան կարող է գնահատել որպես սադրանք և հրաժարվել իր ստանձնելիք պարտավորություններից՝ վերսկսելով ռազմական ագրեսիան։ Այս հանգամանքն էլ հրաշալի հասկանում են Կիևում ու Բրյուսելում՝ փորձելով շրջանցել ռուսական այս պահանջները։

Երրորդը՝ Դոնբասի ու Լուգանսկի ամբողջական հանձնումը ռուսական կողմին, ինչի դիմաց, իբր, Ռուսաստանը հրաժարվում է Խարկովի և Զապորոժիեյի ամբողջական մարզերն իրեն հանձնելու պահանջից։ Հատկապես Դոնբասը Ուկրաինայի արդյունաբերական ու էներգետիկ հիմնական կենտրոնն է, կարելի է ասել՝ ռեսուրսային ինքնիշխանության հիմնական հենակետը։ Եվ դրա կորուստը Կիևին զրկելու է եվրոպացիների համար տնտեսական գրավչությունից։ Բացի այդ, հենց Դոնբասում ու Լուգանսկում է ուկրաինական բանակը կառուցել ամենահզոր պաշտպանական շղթաները, և դրանց ինքնակամ հանձնումը Ռուսաստանին, ուղղակի բացելու է ռուսական զինուժի առջև դռները մինչև Դնեպրի ափերը։ Այս պահանջի կատարումը Ուկրաինային ուղղակի կարող է զրկել պաշտպանունակությունից։ Մոսկվան խորամանկում է․ սկզբում մաքսիմալիստական տարածքային պահանջներ դնելուց և հետո դրանց մի մասից հրաժարվելը Թրամփին և աշխարհին մատուցում է որպես զիջում՝ դրա դիմաց ակնկալելով ավելի առարկայական զիջումներ Կիևից։

Այսինքն, թե հետագա բանակցությունների ամենաօպտիմալ ձևաչափն ընտրելու, թե ռուսական նոր պահանջների նկատմամբ դիրքավորվելու առումով հիմա ավելի շատ անորոշություններ ու ռիսկեր կան, քան, գուցե, նախկինում, և հենց այդ հանգամանքներն են հիմա բարդացնում ԵՄ-ԱՄՆ-Ուկրաինա ընդհանուր քաղաքական պլատֆորմի ձևավորումը։

Թրամփի էգոի սիրաշահում՝ հանուն թվացյալ միասնականության

Եվրոպացի առաջնորդները Վաշինգտոնում զբաղված էին ավելի շատ Թրամփի փառասիրությունն ու մեծամտությունը սիրաշահելով։ Քանի դեռ ԱՄՆ նախագահի դիրքորոշումը տատանվում է իր անձնական հաշվարկների և քաղաքական շահերի միջև, հստակ բանաձևի սպասելը դժվար է։ Բայց, միաժամանակ, Եվրոպան չի ուզում վիժեցնել Թրամփի միջոցով Պուտինին բանակցությունների սեղանի մոտ նստեցնելու հնարավորությունը։ Եվ որքան էլ Սպիտակ տան ներկայիս տերը ամեն ինչ արեց իրենից հին աշխարհամասի բացարձակ կախվածությունն ու Նահանգների բացարձակ հեգեմոնիան ընդգծելու համար, Թրամփի անկանխատեսելիությունից դասեր քաղած եվրոպացի առաջնորդները փորձում էին արտաքուստ լոյալություն դրսևորել՝ հանուն արևմտյան միասնականության դեմոնստրացիայի։ Վաշինգտոնում, այս իմաստով, Մոսկվային ուղղված կարևոր միասնական ուղերձ ձևակերպվեց առ այն, որ Արևմուտքի միասնականությունը դեռ չի աղճատվել այնքան, որ Ռուսաստանը կարողանա անվերջ ձգձգել գործընթացը՝ խաղալով ներքին հակասությունների վրա։

Մեծ հաշվով, վաշինգտոնյան խորհրդակցությունները, բուն հակամարտության կարգավորմանը միասնական ճակատով հանդես գալու առումով, որևէ շոշափելի արդյունք դեռ չեն արձանագրել։ Սակայն այդ ձևաչափով հանդիպման փաստն, ինքնին, կարևոր է։ Թրամփի՝ Նոբելյան մրցանակի երազանքով սնված ամբիցիաները, եվրոպացիների միասնականության պահպանումը և Պուտինի՝ թեկուզ սիմվոլիկ տակտիկական նահանջը միասին կարող են այնպիսի պայմաններ ստեղծել, որոնք, գուցե, առաջիկա ամիսներին ավելի արագ շարժեն խաղաղության օրակարգը։ Իսկ դա, որքան էլ փխրուն ու անորոշ թվա, այս պահի դրությամբ Ուկրաինայի ու ողջ Եվրոպայի համար հույսի հիմնական աղբյուրն է։

Գոռ Աբրահամյան