Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հուլիսի 10-ին Աբու Դաբիում կայացած բանակցությունները նոր էջ բացեցին ամիսներ շարունակ սառեցված հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Բանակցությունները տևել են ավելի քան հինգ ժամ, ներառյալ՝ տետ ա տետ և լայնաֆորմատ ձևաչափերը։ Կողմերը բանակցությունների այս ռաունդը ավարտեցին գրեթե նույնաբովանդակ, հուսադրող ձևակերպումներով հաղորդագրություն տարածելով։
Ռուսական լուսանցքի ուրվականը
Բանակցությունների տևականությունը հուշում է, որ կողմերը շոշափել են խաղաղության օրակարգի ամենասուր թեմաները, միմյանց «կարմիր գծերը»։ Եվ փաստը, որ բանակցությունները ավարտվեցին համաձայնեցված հաղորդագրությամբ, թեկուզև՝ առանց հրապարակային կոնկրետացումների, ցույց է տալիս գործընթացը որոշակի կայունության լադի վրա պահելու և առնվազն միջազգային հանրությանն ու սեփական հասարակություններին լավատեսական ազդակներ հղելու ցանկությունը։ Սա նոր բանակցությունների պատուհանը բաց թողնելու իրական ուղերձ է, որը հույս է ներշնչում, որ կողմերը պահպանում են երկխոսության շարունակման տրամաբանությունը։
Մյուս կողմից, իհարկե, երբեք չի կարելի բացառել, որ սա նաև կարող է մարտավարական դիվանագիտական մանևր լինել՝ առնվազն այս փուլում լարվածության վերահսկման և արտաքին խաղացողների ու, հատկապես, Ռուսաստանի ներգրավման հնարավորությունը սահմանափակելու նպատակով։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, դեռ Փաշինյան-Ալիև բանակցությունները չավարտված, հայտարարեց, թե Ռուսաստանը «ողջունում է» նման ուղիղ շփումները՝ ակնարկելով, որ խաղաղության պայմանագիրը կնպաստի տարածաշրջանի կայունությանը։ Սակայն այն, ինչ տեղի ունեցավ Աբու Դաբիում, արձանագրումն էր այն բանի, որ Բաքու-Երևան բանակցային գնացքը շարժվում է առանց Մոսկվայի սլաքավարության։ Կողմերի համատեղ հայտարարության մեջ միակ կոնկրետությունը վերաբերում էր բանակցությունները երկկողմ ձևաչափով շարունակելու նախընտրությանը, որը ոչ այլ ինչ է, քան Ռուսաստանին բանակցային լուսանցք նետելու նախերգանք։ Պարզապես, բանակցողները որոշել են կոդավորված խոսել, հավանաբար, որպեսզի Մոսկվայում շատ ծանր չտանեն։
Իջեցնել Ալիևի էյֆորիան. Հայաստանի բանակցային գերխնդիրը
Ուղիղ բանակցություններն արտաքին խաղացողների ազդեցությունը չեզոքացնելու լավագույն միջոցն է։ Սակայն այդ ֆորմատը կարող է արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ կողմերն ունեն կոնֆլիկտը հաղթահարելու անկեղծ պատրաստակամություն՝ մի կողմ դնելով «ուժեղ-թույլի» սինդրոմը։ Հակառակ դեպքում, նման շփումները վերածվում են օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն իրեն ուժեղ կարծողի կողմից հակառակ կողմին կամքի և պայմանների պարտադրման ձգտումների։
Ադրբեջանը շատ հստակ առաջադրել է իր պահանջները խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Եթե պայմանագրի տեքստի համաձայնեցվածության պայմաններում 5 ժամանոց բանակցություններ են տեղի ունենում, պարզ է, որ հենց ադրբեջանական այդ նախապայմաններն են քննարկման առարկա։ Հարց է առաջանում՝ ի՞նչ հակախաղ է կիրառում Երևանը Բաքվի այդ ճնշումներին դիմադրելու, դրանք չափավորելու համար՝ փաստացի հռչակելով, որ սեփական ուժերով, առանց կողմնակի օգնության է ուզում լեզու գտնել Բաքվի հետ։
Պարզ է, որ չնայած հնչող լավատեսական նոտաներին՝ կողմերը դեռ չեն մոտեցել լուծումներին՝ կապված Բաքվի նախապայմանների հետ – «Զանգեզուրի միջանցք», ադրբեջանցի փախստականների վերադարձ, ՀՀ սահմանադրության փոփոխություն և այլն։
Ամենայն հավանականությամբ, հայկական կողմը դրանց հակադրում է իր հետաքրքրությունները, որոնք կարող են լինել իր սուվերեն տարածքից ադրբեջանական ուժերի ետքաշման պայմանները, տարածաշրջանային բացվելիք կոմունիկացիաներում Հայաստանի լիարժեք ներգրավման երաշխիքներ ստանալը, Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացմանը, տարածաշրջանով անցնող հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք կոմունիկացիոն-տնտեսական խաչմերուկային հոսքերում ներգրավվելուն Բաքվի չխոչընդոտելը։
Հանդիպումից հետո ադրբեջանական մեդիան շրջանառության մեջ դրեց նոր հասկացություն։ Մասնավորապես, նշվում էր, թե կողմերը կարևոր խոսակցություն են ունեցել «Զանգեզուրի միջանցքի» բացման և զարգացման, ինչպես նաև Խաղաղության պայմանագրի նախաստորագրման հնարավորության շուրջ։ Եթե առաջինի դեպքում ամեն ինչ հասկանալի է, ապա Խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին նախկինում խոսք չի եղել։ Հայկական կողմը չի հաստատել Աբու-Դաբիում նման դետալի քննարկման փաստը։ Չի կարելի բացառել, որ Բաքուն պարզապես ուզում է տպավորություն թողնել, որ Երևանից ստացել է իր նախապայմանների կամ դրա մի մասի կատարման հետ կապված որոշակի երաշխիքներ։
Խլո՞ւմ է ԱՄՆ-ն հարավկովկասյան «հովանոցը» Ռուսաստանից
Մինչև Աբու Դաբիի հանդիպումը միջազգային մամուլը մեծ սպասելիքների ֆոն էր ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման և ԱՄԷ-ում այս ուղղությամբ ճեղքում ապահովելու հնարավորության շուրջ։ Անգամ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր օրերս հայտարարել, թե կա խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրման հնարավորություն։ Շեշտվում էր, ընդհուպ, Ադրբեջանի և Նախիջևանի միջև Սյունիքով անցնելիք ճանապարհային կապի վերահսկողությունը ամերիկյան մասնավոր ընկերության պատվիրակելու գաղափարը։ Տպավորություն էր, թե ԱՄՆ-ն բանակցությունների «հովանոցը» խլում է Ռուսաստանից։
Սակայն առանց երրորդ երկրի բանակցությունները շարունակելու ակնարկը նաև Վաշինգտոնին է ուղղված։ Ուշագրավ է, որ հենց Փաշինյան-Ալիև բանակցությունների ընթացքում ԱՄՆ պետդեպարտամենտը հարկ համարեց ընդգծել, թե Սյունիքի «միջանցքի» հարցում ԱՄՆ-ին վերագրվող դերային ներգրավվածությունից տեղյակ չէ։ Արդյոք սա որոշակի նահանջ է։…
Սակայն, եթե անգամ եղել են նման հավակնություններ, մեծ հաշվով, այս հույսերը Աբու-Դաբին առաջին հայացքից դեռ չի արդարացնում։ Թեև Երևանն արդեն ակնարկում է, որ իր ինքնիշխանության և իրավազորության պայմաններում կարող է քննարկել ճանապարհի վերահսկողությունը երրորդ կողմի՝ մասնավոր (ընդ որում, արտատարածաշրջանային) սուբյեկտի պատվիրակելու հարցը, սակայն այս հեռանկարներն էլ են դեռ թվում մշուշոտ։ Բաքվի և Թուրքիայի համար այդ ճանապարհի նկատմամբ ուղիղ կամ միջնորդավորված ամերիկյան վերահսկողությունը կարող է նույնքան պրոբլեմատիկ ընկալվել, որքան՝ ռուսականը, քանի որ դա նշանակելու է ոչ թե տարածաշրջանում ռուսական ազդեցության փոխարինում թուրքականով, այլ փոխարինում ամերիկյանով։
Այլ կերպ ասած, ամենասկզբունքային պահը՝ Սյունիքի ճանապարհային հանգույցի հետ կապված, որն իրականում խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական բանալին է, կարող է հենց սրանով պայմանավորված լինել. Ադրբեջանը կարող է ձգտել Ռուսաստանի թողած վակուումը թուրքական գործոնի ուժեղացմամբ լցնել, իսկ Հայաստանը՝ ամերիկյան։ Այսինքն, որքան էլ կողմերը հայտարարում են բանակցություններն առանց երրորդ կողմերի շարունակելու նպատակադրման մասին, նրանց ետևում կոնկրետ ականջներ, այնուամենայնիվ, երևում են։
Բայց, անկախ այս իրողություններից, երկխոսության շարունակումը այլընտրանք չունի։ Դա կարևոր է ոչ միայն այն պատճառով, որ «բանակցությունները հրանոթներից նախընտրելի են», այլև, որովհետև Երևանին հիմա օդ ու ջրի պես անհրաժեշտ է չափավորել Ադրբեջանի հաղթողական էյֆորիան և Ալիևին երկնքից իջեցնել իրական հողի վրա։ Իսկ դրա ճանապարհը երկխոսությամբ համառորեն այլընտրանքային գործունակ առաջարկներ գեներացնելն է և այդ կերպ Ալիևին փոխզիջումների դաշտ տեղափոխելը։
Գոռ Աբրահամյան