Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երկրում այս տարի հրավիրված Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթաժողովն անցկացրեց Ստեփանակերտում։ Ամենաբարձր մակարդակով էին ներկայացված Թուրքիան՝ ի դեմս նախագահ Էրդողանի, և Պակիստանը՝ ի դեմս վարչապետ Շարիֆի, որոնք գրավված Արցախ տանող ուղիները դարձրել են «ջրի ճամփա»։ Նույն լիդերները, որոնք մոտ մեկ ամիս առաջ Լաչինում միասին նոր օդանավակայան էին բացում, հերթական առիթն էին ստացել իրենց եռամիասնությունն ընդգծելու համար։ Գագաթաժողովը այս առանցքի գաղափարական կոնսոլիդացիայի հերթական դրսևորումը դարձավ՝ ՏՀԿ առաջնորդությունում որոշակիորեն մեկուսացնելով կազմակերպության հիմնադիրներից Իրանին։
Հայկական թիրախը
Գագաթաժողովի անցկացումը Ստեփանակերտում խորհրդանշական է։ Ալիևը չի հագենում ղարաբաղյան 2-րդ պատերազմում տարած հաղթանակի «ջուրը խմելուց»՝ Ստեփանակերտը դարձնելով Հայաստանի դեմ քարոզչական արշավանքի նոր հարթակ։ Դուրս գալով ֆորումի տնտեսական օրակարգի սահմաններից՝ նա կրկին կիրառեց «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը և առաջ քաշեց բռնի տեղահանված ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքի իրացման թեզը։ Ալիևը շնորհակալություն հայտնեց Իսլամական համագործակցության կազմակերպության անդամներին, որոնք օրեր առաջ Ստամբուլում անցկացված գագաթաժողովում միաձայն ընդունել էին բանաձև՝ պաշտպանելով այս պահանջը։ Հասկանալի է՝ Ալիևի նպատակն այս կերպ իրենց անհիմն պահանջները միջազգայնորեն լեգիտիմացնելու ձգտումն է և այդ արհեստական աղմուկի տակ Արցախում իր իրականացրած էթնիկ զտումների թեման «մոռացության» տալը։ Սակայն հայկական գործոնն այստեղ, որքան էլ էական, սակայն այս պահին ամենակարևորը չէր, նաև՝ սիմվոլիզմի տեսանկյունից։
Հանգամանքների բերումով ՏՀԿ-ի գագաթաժողովը Ստեփանակերտում անցկացվում է տարածաշրջանի վրա ուղղակի, թե անուղղակի ազդող երկու կարևոր իրադարձությունների ֆոնին․ ռուս-ադրբեջանական դիվանագիտական-քաղաքական սրացումը և հունիսին տեղի ունեցած Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմը։
Ռուսական պարտության սիմվոլը
Եկատերինբուրգում էթնիկ ադրբեջանցիների կոշտ ձերբակալություններից հետո Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սկսված դիվանագիտական, տեղեկատվական և իրավական հեռակա պատերազմի ֆոնին այս գագաթաժողովը նաև որոշակի հակառուսական երանգ է ստանում։ ՌԴ-ն այս գագաթաժողովին ներկա չէր՝ չնայած այն բանին, որ նախկին տարիներին դիտորդի կարգավիճակով մասնակցություն ունեցել է։ Բացի այն, որ ՏՀԿ-ի գոյությունը՝ հենց թյուրքալեզու երկրների հեգեմոնիայով, արդեն իսկ հուշում է ասիական ամբողջ պարագծով Ռուսաստանին շրջանցող տնտեսական և կոմունիկացիոն շղթա ստեղծելու մասին, Ստեփանակերտում գագաթաժողովի անցկացումը խորհրդանշում է նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական կոնտինգենտի բացակայությունը, նույնն է թե՝ Ռուսաստանի հարավկովկասյան ռազմավարական պարտությունը, իսկ հեռանկարի իմաստով՝ նաև այս տարածաշրջանից Ռուսաստանին առհասարակ դուրս մղելու՝ թրքա-ադրբեջանական նպատակները։ Եթե սրան էլ հավելենք նման ֆորումների միջոցով իր տարածաշրջանային կշիռը Մոսկվայի քթի տակ բարձրացնելու՝ Բաքվի ձգտումը, պատկերն ավելի ամբողջական կդառնա։
Իրանական սյուրռեալիզմի տողատակերը
Մեծ հաշվով, Բաքվի ստեփանակերտյան պերֆորմանսները, Ռուսաստանից բացի, նաև ի հեճուկս Իրանի է հնարավոր դառնում։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցում է այս գագաթաժողովին։ Ինքնին այն հանգամանքը, որ Իրանը նախագահի մակարդակով է ներկայացված, առաջին հայացքից թվում է սյուրռեալիստական։ Ընդամենը օրեր առաջ, իրանա-իսրայելական 12-օրյա ռազմական գործողություններից գրեթե անմիջապես հետո, նույն Փեզեշքիանը շտապեց զանգահարել Ալիևին՝ հորդորելով ուսումնասիրել տեղեկություններն այն մասին, թե Ադրբեջանի տարածքն օգտագործվել է Իրանի դեմ օդային հարձակումների համար։ Այն ժամանակ Ալիևն, իհարկե, հերքել էր այդ ամենը՝ նշելով, թե իրենք չեզոքություն են պահպանել։ Պարզ է, որ Ադրբեջանի օդային տարածքն իրենց դեմ օգտագործելու մասին ակնարկը Իրանի նախագահը չէր կարող անել՝ առանց այդ մասին փաստեր ունենալու։ Եվ այդ ֆոնին Ստեփանակերտ ժամանելը, այն էլ՝ նախագահի մակարդակով, կարելի է գնահատել որպես այդ ամենի վրա աչք փակելու և Ադրբեջանի հետ հարաբերությունները չվնասելու տակտիկական նախընտրություն, չնայած՝ Բաքվից հաշիվ պահանջելու բոլոր հիմքերին։
Ընդ որում, տվյալ դեպքում խնդիրը ոչ թե զուտ Բաքվի հետ հարաբերություններն են, այլ՝ Թուրքիայի և Պակիստանի, որոնք պատերազմական գործողությունների ողջ ընթացքում հրապարակայնորեն պաշտպանել են Իրանի գործողությունները։ Այս գործոնները Թեհրանն, իհարկե, հաշվի չառնել չի կարող։
Չպետք է մոռանալ նաև, որ Իրանը ՏՀԿ-ի հիմնադիր, նախաձեռնող անդամ է։ Հատկապես այն պայմաններում, երբ Բաքուն, Անկարան ու Իսլամաբադը ամեն ինչ անում են այսպիսի կառույցներն իրենց քաղաքական օրակարգերին ծառայեցնելու և դրանցում ազդեցության շրջանակներն ընդլայնելու համար, Իրանը սեփական դիրքերը չկորցնելու և այդ ամբիցիաները չափավորելու խնդիր ունի։
Բացի այդ, հենց Ստեփանակերտում Փեզեշքիանի ունեցած ելույթը որոշակիորեն լույս սփռեց, թե ինչու են որոշել այդպիսի պատվիրակությամբ մասնակցել ֆորումին։ Իրանի նախագահը ոչ երկիմաստորեն կազմակերպությունից պահանջեց դատապարտել Իսրայելին։ Սա ուղիղ ակնարկ էր Բաքվին, քանի որ, բացի վերջինիցս, մյուս անդամ պետություններն այս կամ այն չափով իրենց պրոիրանական դիրքավորումը հայտնել են։ Այսպիսով, Փեզեշքիանը որոշել էր հենց Ստեփանակերտը դարձնել Ադրբեջանին դիվանագիտորեն կսմթելու ամենահարմար վայրը և փորձել դրա քաղաքական օրակարգն այնպես փոխել, որ առավելագույն անհարմարություն պատճառի Ալիևին։
Ալիևի հրահրած Երևանի օրախնդիրը
Իհարկե, այս ամենը չի սփոփում Հայաստանին, որը կանգնած է բացարձակապես նոր տարածաշրջանային իրողությունների առջև։ Ալիևը մոբիլիզացնում էր իսլամական աշխարհի աջակցությունը՝ այն Հայաստանի նկատմամբ ճնշման միջով դարձնելու համար։ Այն փաստը, որ Ստամբուլյան գագաթաժողովում ընդունված «ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու» բանաձևի ընդունմանը մաս է դարձել նաև Իրանը, չափազանց կարևոր ազդակ է առնվազն ոչ թյուրքախոս իսլամական երկրների հետ լրջորեն աշխատելու համար։
Բացի այդ, Ալիևը Ադրբեջանը փորձում է վերածել առևտրատնտեսական և կոմունիկացիոն տարածաշրջանային հաբի և այդկերպ դիրքավորել իրեն հարավկովկասյան լիդերի կարգավիճակում։ Այս դիրքերի ամրապնդումը նեղացնում է սեփական տարածաշրջանային պրոյեկտներն առաջ մղելու՝ Հայաստանի հնարավորությունները և միջազգային կենտրոնների ընկալումներում դրա հեռանկարները կախման մեջ դնում ոչ թե Երևանի, այլ՝ Բաքվի հետ հարաբերություններից։
Այսինքն, Երևանի կողմից հետագա պարփակվածությունը, Բաքվի ագրեսիվ տնտեսաքաղաքական նախաձեռնությունների ֆոնին, կարող է Հայաստանին զրկել կոմունիկատիվ-տնտեսական սուբյեկտայնությունից։
Խոսքը ոչ թե հակադրվելու այլ մրցակցության, տարածաշրջանային համագործակցության ավելի ներառական և փոխշահավետ նախագծերի առաջքաշման անհրաժեշտության մասին է։
Գոռ Աբրահամյան