Վերլուծություն

Թրամփի «խաղաղարարի պատերազմական շոուն», կամ իմիջային PR` արյան ու ավերածությունների գնով

2025-ի հունիսի առաջին կեսին Իսրայելն ու ԱՄՆ-ն համատեղ հարվածներ հասցրին Իրանի միջուկային ռազմավարական օբյեկտներին՝ ներառյալ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի հարստացման խոր ստորգետնյա կայանները։ Ամերիկյան հարվածները ծանր էին, բարձր ճշգրտությամբ և նպատակ ունեին բեկելու պատերազմի ընթացքը։

Իսրայել–Իրան պատերազմը՝ որպես կառավարվող էսկալացիա և վերահսկվող հաղթանակ

ԱՄՆ-ն, օգտվելով Իրանին ցանկացած գնով հարվածելու Իսրայելի ձգտումներից և օպերացիայի մանրամասն պլանավորվածությունից, սկզբում փաստացի թույլ տվեց, որ պատերազմը սկսվի, սրվի։ Ապա թույլ տվեց, որ կողմերը միմյանց հարվածներով հյուծվեն ու մաշվեն այնքան, որ սեփական դիվանագիտական խողովակներով դիմեն իրեն՝ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով։ Սրացման վերջին ակորդն այն էր, որ Վաշինգտոնը սրտաբաց թույատրեց Թեհրանին «պահպանելու դեմքը» և վերահսկված, նախազգուշացված, անվնաս հրթիռային հարվածներ հասցեագրել Պարսից ծոցի ամերիկյան երեք ռազմաբազաների ուղղությամբ։

Այս կերպ խաղարկվեց «բոլորը հաղթեցին» կոնցեպցիան․ Իսրայելը հայտարարեց, թե չեզոքացրել է Իրանի միջուկային կարողությունները և ճնշել հրթիռների արտադրության ստրատեգիական ենթակառուցվածքները։ Իրանը պնդեց, որ ցավեցրել է «սիոնիստական ռեժիմին» և հարվածելով ամերիկյան բազաներին` «զսպել ագրեսիան», ցույց տվել իրենց անհաղթահարելի ուժը։ Թեհրանն ու Երուսաղեմը գաղթականության հետպատերազմյան իսկական մարքեթինգային արշավներ կազմակերպեցին։  ԱՄՆ-ն ևս հետ չմնաց։ Թրամփն իրեն ներկայացրեց որպես միակ ուժը, որը կարողացավ կանգնեցնել պատերազմն ու պարտադրել հրադադար։ Ցուցադրական էր հատկապես վերջին արարքը, երբ Թրամփը բարկացածություն ցուցադրեց այն բանից հետո, երբ հրադադարի ռեժիմի խախտմամբ Իսրայելը կործանիչներ էր ուղարկում՝ Թեհրանը ռմբակոծելու։ Թրամփը հրապարակավ իր վրա վերցրեց իրանական կամպանիայում դիվանագիտական հաջողության հեղինակությունը՝ հայտարարելով, թե ինքը փրկեց Մերձավոր Արևելքը ավելի մասշտաբային ու կործանարար պատերազմից, ու ոչ ոք դա չէր անի՝ իրենից բացի։

Իրականում, սակայն, սա հիշեցնում էր  «կառավարվող էսկալացիայի» դասական օրինակ, երբ մեծ տերությունը հրահրում է սրացումը, ապա միջամտում է որպես արբիտր` կողմերին հանգուցալուծման մղելն օգտագործելով որպես քաղաքական կապիտալ։

Show must go on. Կոնգո–Ռուանդա համաձայնագիրը՝ Սպիտակ տան բեմին

Իսրայել–Իրան հակամարտության հրադադարի պայմանավորվածությունից ընդամենը օրեր անց՝ հունիսի 27-ին Սպիտակ տանը Թրամփի ներկայությամբ տեղի ունեցավ Ռուանդայի և Դեմոկրատական Կոնգոյի միջև խաղաղության համաձայնագրի հանդիսավոր ստորագրությունը։ Նպատակն իբրև թե աֆրիկյան այդ երկրների միջև մարտերը դադարեցնելն էր  և ներդրումների խթանումը։ Թրամփը այն նշեց որպես պատմական ձեռքբերում։ Սպիտակ տանը լրագրողների առջև ցուցադրված հերթական ներկայացման ժամանակ Թրամփը դա համարեց պատմական ձեռքբերում։

Սակայն մեծ է հավանականությունը, որ այդ արարողությունը սիմվոլիկ բնույթ ունի։ Ըստ միջազգային մամուլի` համաձայնագիրը հիմնականում հռչակագրային էր, առանց իրական հողի վրա հակամարտության դադարեցման կամ ապառազմականացման կոնկրետ մեխանիզմների։

Չնայած դրան` ստորագրման բեմականացված արարողությունը դարձավ հիանալի լուսանկարային նյութ Թրամփի քարոզարշավի համար՝ նրան դիրքավորելով որպես «խաղաղության գործարքների հեղինակ», որը կարողանում է կասեցնել պատերազմներ աշխարհի տարբեր անկյուններում` սկսած հնդկա-պակիստանյանից, անցած մերձավորարևելյանով և ավարտած աֆրիկյան տարածաշրջանով։ Ոչ մի հակամարտության դեպքում, սակայն, վերջակետ չի դրվել՝ խոսքը միայն հրադադարի մասին է։

Ինչ կապ ունի այս ամենի հետ Ուկրաինան

Այս երկու իրադարձությունները՝ Իսրայել–Իրան պատերազմի վերահսկված դադարեցումն ու Կոնգո–Ռուանդա համաձայնագիրը, կազմակերպվեցին միևնույն լրատվական ցիկլում և ծառայում էին մեկ ընդհանրական քաղաքական նպատակին։ Թրամփը փորձեց ամրացնել իր իմիջը որպես միակ առաջնորդի, որն ի վիճակի է միաժամանակ կարգավորել խոշոր հակամարտությունները աշխարհի ցանկացած անկյունում։

Այս քարոզչական արշավը, սակայն, բացատրվում է նրա համար կարևոր ներքաղաքական և արտաքին իմիջաքաղաքական անհրաժեշտությամբ։ Թրամփը իր նախընտրական արշավում խոստացել էր արագ, 100-օրվա մեջ կանգնեցնել Ուկրաինայի պատերազմը։ Բայց իր պաշտոնավարման մեկնարկից վեց ամիս անց ընթացող բուտաֆորիկ բանակցություններում Ռուսաստանին և Ուկրաինային կոմպրոմիսներ պարտադրելու նրա փորձերը մերժվել էին երկու կողմից էլ։ Ավելին, աշխարհը Թրամփին սկսել էր ընկալել որպես Պուտինի քաղաքական շահերի սպասարկող, ու այս ամենը՝ ժողովրդավարության պարտությունը բռնատիրությանը։ Այսպիսի ֆիասկոն վտանգավոր էր նրա արտաքին դիվանագիտական, ներքին վստահելիության «կրեդիտի» համար։ ԱՄՆ-ում ու այլ երկրներում մոլեգնող հակաամերիկյան ու հակաթրամփյան բողոքի մասշտաբային ակցիաները դրա հայելային արտացոլանքն են։

Ուստի Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում գրանցված «հաջողությունները»՝ թեկուզ սիմվոլիկ, դարձան հարմար գործիք՝ փոխելու ձախողակի օրակարգը և վերակառուցելու Թրամփի հաղթական իմիջը։ Սա ամբողջացնում է պատկերը. ռազմական էսկալացիաները օգտագործել մի թատերական PR մասշտաբային արշավի համար, որը պետք է ծառայի նրա անձնական խաղաղարարի և «միջազգային կարգավորողի» կերպարին և մոտեցնի Խաղաղության նոբելյան բաղձալի մրցանակին։

Ոչինչ, որ այդ ճանապարհը հարյուրավոր զոհերի, ավերակների ու մարդկային ողբերգությունների վրայով է անցնում։

Գոռ Աբրահամյան