Վերլուծություն

Ստամբուլյան ծուղա՞կ, թե՞ հայկական շանս. ինչո՞ւ էր Էրդողանը հրավիրել Փաշինյանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 20-ի այցը Ստամբուլ տեղի ունեցավ տարածաշրջանային մի միջավայրում, որտեղ լարվածությունն օրեցօր ավելի է սրվում Իսրայել-Իրան պատերազմի պատճառով։ Ընդամենը մեկ օր առաջ, Թուրքիայում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` մասնակցելու  2023 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Ղահրամանմարաշ քաղաքում կառուցված «Ադրբեջանական թաղամասի» բացմանը։ Դա Էրդողանի և Ալիևի երկրորդ հանդիպումն էր մեկ ամսվա ընթացքում, որը հերթական անգամ ծառայեցվեց թուրք-ադրբեջանական ամուր «եղբայրական դաշինքն» ընդգծելու և փառաբանելու համար։ Այդ «եղբայրական զեղումներն» ակնհայտորեն միտված էին Փաշինյանի համար ֆոն ապահովելուն, նաև Իրանի շուրջ ստեղծված դրամատիկ իրավիճակի պայմաններում ուղերձ էր տարածաշրջանային ուժերի վերադասավորումներին միասին պատրաստ լինելու մասին։

Դժվար է հավատալ, որ Ալիևն ու Էրդողանը չեն քննարկել Փաշինյանի այցը։ Ամենայն հավանականությամբ, նրանք միասին «լարել են իրենց ժամացույցները»՝ նախապես համաձայնեցնելով այցի բովանդակային առանցքները, և Հայաստանի վարչապետը չէր կարող հաշվի չառնել, թե այդ առումով ինչ պայմաններում է Ստամբուլ մեկնում։

Ի՞նչ է թաքնված թուրքական հարգանքի ցուցադրականության վարագույրի հետևում

Այդուհանդերձ, Թուրքիան ամեն ինչ արել էր այցի պատշաճ մակարդակն ապահովելու և բարեկամեցողության շղարշ ստեղծելու ուղղությամբ։ Փաշինյանի ընդունելության կազմակերպումը հայ ճարտարապետների կառուցած՝ Ստամբուլի ամենաշքեղ պալատներից մեկում` Դոլմաբահչեում, այս իմաստով սիմվոլիկ նշանակություն ուներ։ Բացի այդ, որքան էլ մանրուք թվա, բայց մինչև ավտոմեքենայի մոտ Փաշինյանին ուղեկցելու Էրդողանի ժեստը ևս այդ վերաբերմունքի ցուցադրություն էր։ Սակայն կարևոր է, թե ի՞նչ էր թաքնված այդ ծխածածկույթի հետևում։

Այցն ակնհայտորեն պահի թելադրանքով էր։ Վերջին ամիսներին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչըի միջև շփումներ, համենայնդեպս հրապարակային, տեղի չէին ունեցել, իսկ «3+2» հարթակը փաստացի սառեցված է։ Այսինքն՝ այցը դժվար է համարել Հայաստանի ու Թուրքիայի միջև 2021թ. սկսված կարգավորման դանդաղ գործընթացի հասունացման արդյունք։

Փաշինյանին ուղղված Էրդողանի հրավերը, թերևս, կապված է Իրանի շուրջ ձևավորված նոր ռազմաքաղաքական իրավիճակով և դրա հետ կապված՝ Անկարայի որոշակի հաշվարկներով։

Հատկանշական է, որ Էրդողան-Փաշինյան հանդիպումը համեմատաբար  կարճատև էր, այցի կարգավիճակը՝ աշխատանքային, իսկ բուն բանակցություններից հետո երկու ղեկավարները որևէ համատեղ հայտարարությամբ կամ բրիֆինգով հանդես չեկան։ Սա հուշում է, որ այցը և հանդիպումն ավելի շատ իրենց շահերը շոշափող զգայուն տարածաշրջանային հարցերի շուրջ տրամադրությունների «հետխուզման», գուցե նաև ստեղծված տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում կայունության երաշխիքների սեփական տեսլականները միմյանց ներկայացնելու նպատակ ունեին, քան որոշակի համաձայնությունների ձեռքբերման։ Պատահական չէ, որ  թե՛ Երևանից, թե՛ Անկարայից հանդիպմանը հաջորդած պաշտոնական հայտարարություններն զգալիորեն ժլատ էին` միտված ընդամենը հարաբերությունների կարգավորման երկկողմ ցանկություններն ընդգծելուն։

Միջանցքային ուրվական` Իրանի թիկունքից

Այն հնագամանքը, որ երկուստեք շեշտվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի հանգուցալուծման կարևորությունը, հուշում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման և դրա ադրբեջանական պայմանների թեման եղել է օրակարգային հիմնական հարցերից մեկը։

Ամենազգայուն թեման, սակայն, որ ուղիղ շաղկապված է նաև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարի հետ և Իրանի շուրջ օղակը սեղմվելուն զուգընթաց ավելի ու ավելի առաջնային նշանակություն է ձեռք բերում Ադրբեջանի ու Թուրքիայի համար, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցն է։ Իրանի շուրջ ու ներսում տեղի ունեցող գործընթացներն իրական խոչընդոտ են ստեղծել Իրանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի (հասկանալ Թուրքիայի) միջև ցամաքային ավտոտրանսպորտային անխափան հաղորդակցության այն ծրագրի համար, որն արդեն համաձայնեցվել էր Թեհրանի հետ։ Իրանը դա առաջարկել էր հենց «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրն ուժով Հայաստանին պարտադրելու հնարավորությունը քաղաքականապես չեզոքացնելու համար։

Ստեղծված նոր իրավիճակը չի կարող վերստին Բաքվին և Անկարային վերանայումներ կատարելու հարցի առաջ չկանգնեցնել։ Ուշագրավ է, որ ՀՀ կառավարության հաղորդագրությունում ակնարկվում է Երևանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նկատմամբ Էրդողանի ցուցաբերած հետաքրքրության մասին։ Այդ պրոեկտի իրականացումը հնարավոր չէ առանց Թուրքիայի նույնքան, որքան առանց Իրանի։ Չի բացառվում, որ Անկարան փորձում է առաջ քաշել հիբրիդային գաղափար՝ համադրելու այդ նախագիծը Բաքվի կողմից առաջ քաշվող հաղորդակցային ակնկալիքների հետ։ Խնդիրն այն էր, որ Անկարայի համար գոնե այս պահին այնքան էլ ձեռնտու չէ մտնել կոնֆրոնտացիայի Իրանի հետ, որովհետև Իրանի թուլացումը ենթադրում է, որ Իսրայելի հաջորդ թիրախը լինելու է հենց Անկարան։ Պատահական չէր ընդամենը երկու օր առաջ Էրդողանը հոխորտում, թե կարճ ժամանակ անց այլևս հնարավոր չի լինելու Թուրքիայի հետ խոսել ուժի լեզվով։ Հետևաբար, մեծ է հավանականությունը, որ Անկարայում կփորձեն Ադրբեջանի հետ ցամաքային կապի ստեղծմանը հասնել՝ չոտնահարելով Իրանի շահերը, բայցև օգտվելով հարցի վրա նրա կենտրոնացման թուլացումից։

Թուրքական գամբի՞թ, թե՞ բալանսավորման շանս

Անկախ ամեն ինչից, սա այց էր, որի հնարավոր արձագանքները, հետևանքները տեսանելի կլինեն ավելի ուշ։  Առաջին անգամ չէ, որ Հայաստանի ղեկավարը Թուրքական պետության ղեկավարի հրավերով երկկողմ ձևաչափով այց է կատարում Թուրքիա։ Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 2009թ., երբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնեց թուրքական Բուրսա քաղաք՝ համատեղ դիտելու երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը, ինչով սկսվեց հայ-թուրքական հաշտեցման այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը»:  Բայց կա էական տարբերություն։ Գյուլը Թուրքիայում չուներ իրական իշխանություն և հարաբերությունների կարգավորման նրա նախաձեռնությունը չունեցավ հաջողություն։ Ստորագրված արձանագրություններն այդպես էլ չվավերացվեցին, իսկ կարճ ժամանակ անց Էրդողանն իշխանությունից հեռացրեց այդ նախաձեռնության և «զրո խնդիրներ հարևանների հետ» արտաքին քաղաքական դոկտրինի հեղինակ երկու գործիչներին` նախագահ Աբդուլլահ Գյուլին և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին։

Այս դեպքում հրավերը եղել է բացարձակ տոտալիտար իշխանության կրող Էրդողանի կողմից, իսկ ԼՂ հիմնահարցը, որն այն ժամանակ դարձավ արձանագրությունների վավերացման նախապայման Թուրքիայի կողմից և մերժվեց Երևանի կողմից, գործնականում չկա։ Ողջ հարցն այն է` Էրդողանը խնդրին մոտենում է իրապե՞ս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ռեալ ցանկությամբ, թե՞ ոչ և Ադրբեջանի հետ իրենց համատեղ շահերով հանդերձ` ունե՞ն բավարար կամք Հայաստանի հետ դիվանագիտական ու տնտեսական հարաբերություններ հաստատելու, թե՞ մնում են Բաքվի կապրիզներից կախվածության մեջ։

Լավատեսության շատ հիմքեր, իհարկե, չկան։ Սակայն նաև հենց այս իմաստով է Փաշինյանի այցը պատմական լինելուց բացի դառնում կարևոր։ Այն հնարավորություն է բարձր մակարդակով և ամենակարևորը` առանց երրորդ կողմերի միջամտության, ուղիղ շփվելու տարածաշրջանում իր ազդեցությունը շարունակաբար մեծացնող, միևնույն ժամանակ՝ Հայաստանի անվտանգության համար կրիտիկական նշանակություն ունեցող խաղացողի հետ, տետ ա տետ ներկայացնելու Հայաստանի պատկերացումները տարածաշրջանային խնդիրների, երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների պոտենցիալի մասին ու նաև անմիջականորեն հասկանալու, թե ի՞նչ են ակնկալում իրենից, ի՞նչ սպասելիքներ կարող է ինքն ունենալ։

Սա չի նշանակում, որ ստեղծվում է թուրք-ադրբեջանական դաշինքում ճեղք առաջացնելու իրական հնարավորություն կամ, առավել ևս, Ռուսաստանի շահերը փոխարկել Թուրքիայի շահերով, առավել ևս մի իրավիճակում, երբ ռուս-թուրքական հարաբերությունները բավականին կայուն են և նրանց միջև կուլիսային խաղերը կարող են վերածվել մկան խաղի կատվի հետ։ Նման մակարդակի այցը նախևառաջ Հայաստանի սուբյեկտայնության դրսևորում է։ Նաև փորձ է՝ գտնելու գերտերությունների շահերի միջև անվտանգ լողալու, այդ շահերը բալանսավորելու բանաձևը։ Դա անելու համար պետք է խոսել բոլոր կողմերի հետ, այլ ոչ թե թույլ տալ, որ խոսեն քո փոխարեն։

Գոռ Աբրահամյան