Վերլուծություն

Իրան-Իսրայել հակամարտություն․ բախում ռազմավարությունների, արժեհամակարգերի և թիկունքների միջև

Մերձավոր Արևելքը եռում է նոր՝ Իրան-Իսրայել պատերազմից, որն աննախադեպ է իր բնույթով։ Պատերազմն ընթանում է երկրների միջև, որոնց սահմաններն ուղիղ գծով միմյանցից հեռու են շուրջ 1200 կմ, և նրանց արանքում մի քանի պետություններ են։ Ռազմական գործողություններն ընթանում են տեխնոլոգիապես զարգացած հեռահար ոչնչացման զենքերով՝ հրթիռներ, այդ թվում՝ գերձայնային բալիստիկ (Իրան), ինչպես նաև՝ ամենավերջին սերնդի կործանիչներ, ԱԹՍ-ներ (Իսրայել)։ Երկրները ծավալել են օդային մասշտաբային դիմակայության, Իսրայելի դեպքում՝ դիվերսիոն նոր սերնդի պատերազմ, որոնց օրինակը աշխարհը չի տեսել։ 

Իրավիճակն առանձնահատուկ ու բարդ է նաև կողմերի ռազմավարական նպատակների տարբերություններով, հասարակությունների տոկունության փորձությամբ, արտաքին աջակցության կոնտրաստային տարբերություններով։ Հակամարտության զարգացումը հստակ ցույց է տալիս, որ սա պարզապես ռազմական դիմակայություն չէ, սա ինստիտուցիոնալ կայացվածության, կարելի է նույնիսկ ասել՝ քաղաքակրթական տարբերությունների ճակատամարտ է։

Հարվածների տրամաբանություն․ թիրախավորված դիպուկությունն ընդդեմ քաոտիկ սպառնալիքի

Իսրայելի ռազմական հարվածները կրում են համակարգված և հաշվարկված բնույթ՝ ի սկզբանե մատնելով ռազմական օպերացիան շատ վաղուց և ամենայն մանրամասնությամբ պլանավորված լինելու փաստը։ Առաջին փուլում Իսրայելը ոչնչացնում է Իրանի ՀՕՊ համակարգերը՝ հենց Իրանի տարածքում ստանալով օդային գերակայություն։ Հաջորդում են հարվածները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հրամանատարական կենտրոններին, ինչպես նաև նպատակաուղղված ոչնչացվում է նշված ռազմականացված կազմակերպության հրամկազմը, որն ամենառադիկալն է Իսրայելի նկատմամբ և ապահովում է Իրանի ներկայիս հոգևոր իշխանության ռազմաքաղաքական ամուր հենարանը։ Նպատակը պարզ է․ կաթվածահար անել հրամանատարությունը՝ ճնշելով ռազմաքաղաքական էլիտայի կառավարման ունակությունը, գործող իսլամական վարչակազմին զրկել իր հիմնական ռազմաքաղաքական հենարանից։

Հաջորդ փուլում Իսրայելը թիրախավորում է Իրանի միջուկային ենթակառուցվածքները։ Հարվածների թիրախ են դառնում միջուկային երկու կենտրոնական օբյեկտները Նաթանզի և Ֆորդոյի տարածքներում։

Հաջորդում են հարվածները Էներգետիկ համակարգերին և նավթային վերամշակման օբյեկտներին՝ նպատակ ունենալով կաթվածահար անել երկրի տնտեսական պոտենցիալը և այն ռեսուրսը, որը կարող է սնել Իրանի ռազմական դիմադրողականությունը։

Վերջին փուլում Իսրայելի թիրախը Իրանի կառավարական մարմինների՝ ռազմական և քաղաքացիական վարչական շենքեր են, օպերատիվ կառավարման կենտրոնները․ նպատակը՝ փլուզել երկրի պետական կառավարման  համակարգը, հարուցել իշխանավարման անհնարինություն և խթանել կառավարչական քաոսը։  

Ի տարբերություն այս ամենի՝ Իրանի արձագանքը կրում է քաոտիկ բնույթ։ Իրանական հրթիռների, ԱԹՍ-ների մեծ մասը չեն հասնում նպատակակետին, իսկ կիրառվող գերթանկարժեք բալիստիկ հրթիռները հարվածում են առավելաբար բնակելի թաղամասերին, առևտրի կենտրոններին, իհարկե, տուժում են նաև որոշ ստրատեգիական օբյեկտներ՝ հէկեր, ռազմակայաններ, զինապահեստներ, նավթավերամշակման կենտրոն, ինչպես նաև գիտական կենտրոններ, ինչպես, օրինակ, Վայզմանի գիտահետազոտական կենտրոնը։ Հրթիռները հիմնականում արձակվում են գիշերային ժամերին, երբ բնակչությունը համեմատաբար խոցելի է։ Այս մարտավարությունը հիմնականում հոգեբանական է․ տարածել խուճապ, մշտական մղձավանջային անորոշության զգացողություն, անվստահություն պետական համակարգի հանդեպ և համատարած վախ։

Այն, որ հենց սրանք են հիմնական նպատակները, հուշում է Իրանի առաջնորդների կողմից հնչող բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ կատարած հարձակման համար Իսրայելը պետք է տառապի և ողբա։ Իրանը նպատակ ունի առավելագույն վնաս հասցնել հենց հասարակությանն ու այդ կերպ ճնշում գործադրել քաղաքական ղեկավարության վրա։

Այս ամենը շատ է հիշեցնում Իսրայելի և Իրանի պրոքսի-խմբավորումնների՝ Հզբոլլահի կամ Համասի միջև ռազմական դիմակայության մեթոդաբանությունը։ 

Թիկունքային համակարգեր․ պաշտպանվածություն՝ ընդդեմ խոցելիության

Հակամարտությունը բացահայտում է նաև թիկունքային համակարգերի որակական տարբերությունը։ Իսրայելում գործող «Home Front Command» ծառայությունը ապահովում է իրական ժամանակում ազդանշանային ծանուցումներ, սմարտֆոններին ուղարկվող նախազգուշացումներ, ինչպես նաև ապաստարանների հասանելիություն շենքերում և հանրային տարածքներում։ Սա թույլ է տալիս արագ արձագանքել վտանգին և նվազեցնել զոհերի թիվը։ Տեղեկատվական ներքին անվտանգությունն Իսրայելի համար բացարձակ անհրաժեշտություն է՝ նվազագույնի են հասցված թշնամու խոցումների տեսագրությունների տարածումը, պոտենցիալ թիրախների կոորդինատների հրապարակումը։ Այս հանգամանքը զրկում է հակառակորդին իր հարվածների արդյունավետությունը գնահատելու հնարավորությունից, հատկապես՝ հետախուզական տվյալների սակավության պայմաններում։ 

Իրանում պատկերը կտրուկ տարբեր է։ Տեղեկատվության վերահսկման քաղաքականությունը վերաբերում է ինտերնետի արգելափակմանը, իրազեկումների ուշացումներին, ինչը քաղաքացիներին մղում է անորոշության։ Թեհրանում, այլ քաղաքներում իսրայելական խոցումների տեսագրությունների տարածումը գրեթե չի վերահսկվում, ինչը իսրայելական կողմի վնասների շուրջ ստեղծված արհեստական վակուումի ֆոնին բազմապատկում է Իրանում իսրայելական խոցումների արդյունավետության հանրային ընկալումների էֆեկտը։

Ապաստարանների պակասը, հատկապես՝ Թեհրանից դուրս բնակավայրերում, մարդկանց թողնում է փաստի առաջ։ Մարդիկ ստիպված են իրենց ուժերով հոգալ սեփական անվտանգությունն ու պաշտպանությունը օդային հարվածներից։ Եվ Թեհրանից դուրս ձգվող ավտոշարասյուների տպավորիչ կադրերն, այս իմաստով, չափազանց խոսուն են։    

Այս պայմանների տարբերությունը ուղիղ համեմատականով արտացոլվում է զոհերի վիճակագրության մեջ։ Իրանում զոհվել է շուրջ 224, որոշ ոչ պաշտոնական տվյալներով՝ շուրջ 400 մարդ, մեծամասնությունը՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Իսրայելում զոհերի թիվը, պաշտոնական տվյալներով, չի գերազանցում երեք տասնյակը, չնայած՝ հարվածների ծավալին։ Գուցե՝ պաշտոնական տվյալները որոշ չափով նվազեցնում են կորուստների քանակը։

Դաշնակիցներ․ հայտարարողներն ընդդեմ գործողների

Իրանի ռազմավարական առավելությունը երկար ժամանակ համարվել է նրա «Դիմադրության առանցք» կոչվող պրոքսի համակարգը՝ Հեզբոլլահ, Եմենի հութիներ, շիա խմբավորումներ Իրաքում ու Սիրիայում, ինչպես նաև՝ Համասը։ Այս խմբերը Իրանից ստանում էին զենք, ֆինանսավորում, տեխնիկական աջակցություն և ռազմավարական ուղղորդում։

Այս ցանցն այսօր քայքայված է, ոչ մի կերպ Իրանին օգնել չի կարող։ Իսրայելը սկզբից հենց այս ցանցը ոչնչացրեց՝ նախքան իր հիմնական թիրախին՝ Իրանին անցնելը։ Իրանի պետություն-դաշնակիցները, ինչպես, օրինակ, Ռուսաստանը, որի հետ ունի ստրատեգիական գործընկերության համաձայնագիր, կամ Պակիստանն ու Չինաստանը, որդեգրել են պասիվ հետևորդի դեր՝ բավարարվելով կոշտ և սպառնալից հայտարարություններով։ Իրանը չի կարողանում արդյունավետ մոբիլիզացնել այս ուժերը ո՛չ ռազմական, ո՛չ էլ դիվանագիտական մակարդակներում։

Իսրայելը, ի տարբերություն Իրանի, հենվում է պետական մակարդակի հզոր դաշնակիցների վրա։ ԱՄՆ-ն ապահովում է օդային պաշտպանական համակարգեր, տրամադրում անգին հետախուզական տվյալներ, ապահովում ռազմավարական խորհրդատվությամբ և արտաքուստ չեզոքության ներքո ցուցաբերում ահռելի միջազգային քաղաքական աջակցություն։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Ծոցի լոյալ երկրների ռազմաօդային ուժերը հաջողությամբ որսում են Իրանից արձակված հրթիռների և ԱԹՍ-ների մեծ մասը, անգամ՝ մինչև Իսրայելի տարածք դրանց հասնելը։ Այսինքն, Իսրայելին ցուցաբերվող աջակցությունը համակարգված է, տեխնոլոգիապես արդի և հիմնված է պետություն–պետություն հարաբերությունների վրա։

Ռազմավարական նպատակները՝ քանդել պետությունը, կոտրել ժողովրդին

Այլևս ակնհայտ է, որ Իսրայելի ռազմավարական նպատակը միայն Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելը չէ։ Դժվար է հավատալ, որ Իսրայելն ի սկզբանե չգիտեր Իրանի միջուկային օբյեկտների ստորգետնյա հզոր պաշտպանվածության և քիչ խոցելիության մասին։ Այդ պատճառով հիմնական թիրախներից մեկը  իրանական իշխանական ռեժիմի ուժը, կայունությունը խարխլելն է։ Հարվածելով կառավարման համակարգին, տնտեսությանը և ռազմաքաղաքական վերնախավին՝ Իսրայելը ձգտում է ստեղծել ներքին ճգնաժամ, հանրային դժգոհություն այաթոլլաների իշխանության հանդեպ և միացնել նոր հեղափոխության կամ առնվազն հեղաշրջման ժամացույցը։

Մինչդեռ Իրանի նպատակները համեմատության մեջ ավելի անհասկանալի են։ Իսրայելը ոչնչացնելու մասին հայտարարությունները «Մահ Իսրայելին» լոզունգների ներքո թվում են հնացած և չեն կարող ո՛չ քաղաքական, ո՛չ էլ բարոյական աջակցություն ապահովել Թեհրանի համար միջազգային ասպարեզում։ Իրանն իր հարվածները ուղղում է հիմնականում Իսրայելի ժողովրդի դեմ, ինչը ստրատեգիական մտածողության իմաստով ավելի շատ հուսահատության նշան է։ Հույսը, թերևս, այն է, որ կարող է հարուցել ներհասարակական ճնշում Նեթանյահուի վարչակազմի նկատմամբ՝ հաշվի առնելով Իսրայելի ներկայիս վարչապետի հանդեպ առկա ներքին ուժեղ անտիպատիան։ Իրանում, գուցե, չեն հաշվարկել, որ արտաքին մարտահրավերների պայմաններում Իսրայելի հասարակությունը մոբիլիզացվում է իշխանության շուրջ, ինչպիսին էլ այն լինի։ Եվ հենց այս հանգամանքն է, որ Իրանի ընտրած մարտավարությունը դարձնում է քիչ արդյունավետ։

Վաշինգտոնի երկակի քաղաքականությունը

Որքան դեռ կշարունակվի այս դիմակայությունը, դժվար է ասել։ Իրանը պնդում է, թե մինչև վրեժ չլուծի, և մինչև Իսրայելը չդադարեցնի իրեն ուղղված հարվածները, չի հրաժարվելու հեռահար հարվածներից և կարգավորման (այդ թվում՝ միջուկային ծրագրի շուրջ) բանակցություններից։ Միևնույն ժամանակ, սակայն, հակամարտության ամենաթեժ պահին Իրանի արտգործնախարար Արախչին հայտարարում է, թե իրենք պատրաստ են շարունակել բանակցությունները միջուկային ծրագրից հրաժարվելու շուրջ, եթե երաշխավորվի ուրանի հարստացման՝ իրենց իրավունքը։ Իրանն ակնհայտորեն փորձում է դիվանագիտական մանեվր իրականացնել՝ հասկանալու համար, թե բանակցություններին համաձայնելու դեպքում ինչ գին են իրենից պահանջելու։

Այս առումով չափազանց մեծ նշանակություն ունի ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Մի կողմից՝ Վաշինգտոնը ռազմական աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, այդ թվում՝ անվտանգության համակարգերի, զինամթերքի և հետախուզության տեսքով, մյուս կողմից՝ պահպանում է արտաքին չեզոքություն։ Ճնշում գործադրելով Թեհրանի վրա՝ այսկերպ Վաշինգտոնը նաև բաց է պահում դիվանագիտական պատուհանը Իրանի համար։

Պատահական չէր նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն առ այն, որ «Իրանն ու Իսրայելը պետք է համաձայնության գան, և դա շուտով տեղի կունենա»։ ԱՄՆ-ն գործարկել է նաև քարոզչական ճնշամիջոց՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե Իրանի ներկայիս վարչակազմի անվտանգությունն իր ձեռքերում է, և դրանից Թեհրանը դեռ կարող է օգտվել։ Այս իմաստով խոսուն էր տեղեկատվության տարածումը, թե Թրամփը վետո է դրել Իսրայելի կողմից Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին թիրախավորելու ծրագրի վրա։

Այս քաղաքականությունը միաժամանակ նաև բալանսավորում է ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ չկորցնելով վերահսկողությունը, բայց նաև չխափանելով հնարավոր քաղաքական լուծման ճանապարհը։

Ինչևէ, Իրան-Իսրայել պատերազմը նախևառաջ համակարգերի բախում է, որտեղ համադրվել են տեխնոլոգիական գերազանցության մրցավազքն ու գաղափարական դիմակայությունը, և որտեղ սառը ռազմաքաղաքական հաշվարկը հակադրվում է պաթոսին և հուզականությանը։ Մինչ Իսրայելը հարվածում է համակարգին՝ փորձելով կաթվածահարել պետությունը, Իրանը փորձում է կոտրել հասարակության դիմադրողականությունը։

Ողջ հարցն այն է՝ ում նյարդերն ավելի պինդ կլինեն։

Գոռ Աբրահամյան