2025 թվականի մայիսի 20-21-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան նպատակ ուներ ստուգել Երևանի լոյալությունը և ազդարարել հայ-ռուսական հարաբերություններում սառույցի հնարավոր հալեցումը։ Սակայն այցի ընթացքում արձանագրվեց, որ կողմերը դեռևս հեռու են փոխադարձ վստահության վերականգնումից։
Լավրովի այցը համընկավ Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում որոշակի դիրքային առավելության հասնելու, Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններում Ռուսաստանի դիրքային ուժեղացման փուլին։ Այդ հանգամանքը Լավրովին հնարավորություն էր տալիս Երևանում ավելի անկաշկանդ ներկայացնել Ռուսաստանի նկատմամբ Հայաստանում վստահության անկման պատճառ դարձած հանգամանքների վերաբերյալ ռուսական նարատիվները և չթաքցնել դժգոհությունը Երևանի պրոեվրոպական ուղղվածությունից։
Լավրովը, իհարկե, Երևանում ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և պետք է ակտիվորեն մասնակցի ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ միաժամանակ շեշտելով ռուսական ռազմաբազայի կարևորությունը Հայաստանի անվտանգության ապահովման գործում։ Սակայն ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուղղված ռուս լրագրողի հարցը՝ հայ-ռուսական դաշնակցությունից հրաժարվելու հնարավորության վերաբերյալ, պաշտոնական Մոսկվայի անուղղակի հրապարակային պահանջն էր՝ պարզաբանում ստանալ իր համար առանցքային հարցերից մեկի առնչությամբ։
Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ Հայաստանը չի ներկայացրել ԵՄ անդամակցության հայտ, և այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում։
Այս հայտարարությունն այն էր, ինչ ուզում են լսել Մոսկվայում։ Դա Լավրովի այցի հիմնական «արդյունքն» էր, որն արձանագրեց՝ գործ ունենք Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ նոր որակական փոփոխության հետ։
Սառեցման այս ուղեգիծը պայմանավորված է ոչ թե ինքնին ուկրաինական բեմահարթակին Ռուսաստանի արձանագրած տակտիկական հաջողություններով, այլ Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի հաղթողականության փաստացի լեգիտիմացման։ Վերջինս մերժում է Մոսկվայի նկատմամբ սանկցիաների խստացման՝ Եվրոպայի առաջարկներն ու պատրաստ է Ուկրաինային մղել՝ հենց Կիևի համար ծայրագույն պայմաններով խաղաղության համաձայնագիրն ստորագրելու, առանց Ուկրաինային անվտանգության կայուն և երկարաժամկետ երաշխիքներ տալու։ Սա նշանակում է ԱՄՆ-ի կողմից ամբողջ ետխորհրդային տարածքի նկատմամբ Ռուսաստանի որոշիչ ազդեցության ճանաչում։
Իրերի նման դասավորությունը չի կարող զգուշավորության չմղել արևմտյան անվտանգային համակարգի հետ հույսեր կապող որևէ միջազգային սուբյեկտի։ Հակամարտության այս հանգուցալուծման դեպքում Ռուսաստանի հետ ցանկացած խորացող առճակատում Հայաստանի համար կարող է հղի լինել ավերիչ հետևանքներով։
Այսինքն, Երևանը փորձում է կիրառել «լողացող կուրսի» մարտավարություն՝ դրա նախերգանքը տալով հենց Լավրովի այցով։ Դրանից առաջ երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի տոնակատարությունը նշելու համար Փաշինյանի այցը Մոսկվա ևս այս տրամաբանության ներքո էր։
Նման մարտավարությունը կարող է հարցեր առաջացնել Եվրոմիությունում և սասանել Հայաստանի, իբրև վստահելի գործընկերոջ, իմիջը։ Բայց առժամանակ աշխարհաքաղաքական լուսանցքում հայտնվող և Ռուսաստանի դեմ դիվանագիտական պատերազմը տանուլ տվող Եվրոպան նախևառաջ ինքն ունի հեղինակության լրջագույն անկում և հենց Ուկրաինայի օրինակով այսօր ապացուցում է անվտանգային երաշխավորի՝ իր ֆունկցիոնալ անկարողությունը։ Հետևաբար, Բրյուսելում, ինչպես նաև եվրոպական մայրաքաղաքներում պետք է ըմբռնումով մոտենան Երևանի զգուշավորությունը։
Այդուհանդերձ, Երևանը փորձում է Մոսկվային զրկել իր նկատմամբ քաղաքական ճնշումների լեգիտիմ հնարավորությունից՝ առանց ռուսական ճամբարին միանալու պիոներական խոստում տալու։
Լավրովը Երևանում ստացավ Հայաստանի կողմից եվրոպականացման ընթացքը առժամանակ թուլացնելու կամ սառեցնելու ազդակ, բայց չստացավ ռուսական օրիենտացիային վերադառնալու ավելի կարևոր ազդակը։ Լավրովի այցի, դրա ընթացքում ՀՀ արտգործնախարար Միրզոյանի ուղիղ պնդումները՝ Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից Երևանի շարունակվող չբավարարվածության և առկախված անպատասխան հարցերի մասին, ԱԳՆ-ի մոտ շատ համեստ, բայց սիմվոլիկ բողոքի ակցիան, ինչպես նաև հայաստանյան լրագրողների սուր հարցադրումները, Լավրովին «Զվարթնոց» օդանավակայանում փոխարտգործնախարարի մակարդակով ընդունելը շարունակվող սառնության անփոփոխելիության ազդակներ էին։
Իր հերթին, Լավրովն իր վարքագծով, առանց դիվանագիտական սեթևեթանքների, հասկանալի էր դարձնում, որ Երևան չի եկել տարածաշրջանային իրենց քաղաքականությունը պրոհայկական ռելսերի տեղափոխելու հավաստիացումներով, և որ Մոսկվայի հարավկովկասյան առաջնայնություններում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Դրա վկայությունն էր ինչպես Մեծ եղեռնի հուշահամալիր արարողակարգային այց չկատարելը, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման և օկուպացիայի հարցում ՀԱՊԿ-ի և Մոսկվայի կրավորական, դավադրական կեցվածքն արդարացնելը, ավելին, Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ընթացքում ԼՂ առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանին զինելու իրողությունը հայկական զինուժի կողմից սովետական բանակի թողած զենք-զինամթերքից օգտվելու հետ համեմատելու անհեթեթ փորձը։
Այսինքն, գլոբալ իմաստով Լավրովի այցը ոչ թե նոր մեկնարկային կետերի տեղափոխվելու մասին էր, այլ՝ հարաբերությունները կայունության որոշակի մակարդակի վրա պահելու փոխըմբռնման։
Գոռ Աբրահամյան