Վերլուծություն

Ի՞նչ դեր ունի ԱՄՆ-ը Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության սրացման հարցում

Responsible Statecraft կայքում հրապարակվել է Քուինսի ինստիտուտի Գլոբալ Հարավ ծրագրի տնօրեն, Ջորջ Վաշինգտոնի համալսարանի դասախոս Սարանգ Շիդորեի հոդվածը, որը վերլուծում է Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական լարվածությունը:

«Հնդկաստանը երեքշաբթի օրը մի շարք հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքում՝ ի պատասխան ապրիլի 22-ին Քաշմիրի հովտում զբոսաշրջիկների դեմ իրականացված ահաբեկչական հարձակման: Այս միջադեպը նոր հարցեր է առաջ բերել՝ ինչ կարող է և պետք է անի Վաշինգտոնը, երբ երկու միջուկային տերություններ բախվում են: Ինչպիսի՞ն են Միացյալ Նահանգների շահերն այս տարածաշրջանում, և ինչպե՞ս պետք է դրանք պաշտպանվեն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արձագանքելով այդ իրադարձություններին, նշել է. «Մենք գիտեինք, որ ինչ-որ բան տեղի է ունենալու... նրանք երկար տարիներ, տասնամյակներ շարունակ են կռվում»: Նա նաև հույս է հայտնել, որ «ամեն ինչ շատ արագ կավարտվի»: Ավելի վաղ Վաշինգտոնը խստորեն դատապարտել էր ահաբեկչական այդ հարձակումը, որը նշանավորում էր բռնության նոր շրջանի սկիզբը, և կոչ էր արել երկու հարևան պետություններին զսպվածություն ցուցաբերել:

ԱՄՆ-ն խորապես շահագրգռված է ահաբեկչության դեմ պայքարում: Պակիստանում գործող զինված խմբավորումների մեծամասնությունը ծագում է այն ժամանակներից, երբ Սառը պատերազմի տարիներին Վաշինգտոնի ռազմավարական մոտեցումների շրջանակում իսլամիստական խմբերն օգտագործվում էին որպես գործիք՝ Աֆղանստանում խորհրդային ներխուժմանը հակազդելու համար: Այդ հակամարտության ժառանգությունը ծանր հետևանքներ է թողել, ներառյալ Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների սրումը, որի արմատները հասնում են մինչև 1947 թվականին Հնդկաստանի գաղութային բաժանումը:

Այս ամենը, սակայն, արդեն պատմություն է: Այսօր ակնհայտ է, որ ԱՄՆ-ն Հարավային Ասիայում ունի սահմանափակ շահեր և սահմանափակ ազդեցություն: Ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Վաշինգտոնն ու Նյու Դելին երկարամյա և երկկուսակցական համագործակցություն են հաստատել, հատկապես 2008 թվականի նոյեմբերին Մումբայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, որոնք իրականացվել էին Պակիստանի ծայրահեղական «Լաշքար է Թայբա» խմբավորման կողմից: Թրամփի վարչակազմը վերջերս Հնդկաստանին է հանձնել պակիստանական ծագումով կանադացի քաղաքացի Թահավվուր Ռանային, որը ԱՄՆ-ում դատապարտվել էր այդ հարձակումներում ունեցած դերակատարության համար:

Բացի ահաբեկիչներին արդարադատության առջև կանգնեցնելու ձգտումից, Միացյալ Նահանգները, ինչպես նաև ամբողջ աշխարհը, շահագրգռված է տարածաշրջանում կանխել միջուկային հակամարտության հավանականությունը: Հարավային Ասիայում միջուկային զենքի կիրառման ռիսկը հիմնականում վերագրվում է Պակիստանին: Ի տարբերություն Հնդկաստանի, Պակիստանի միջուկային ռազմավարությունը չի բացառում առաջինը հարվածելու հնարավորությունը: Իսլամաբադը տեսականորեն կարող է դիմել իր մարտավարական միջուկային զինանոցին՝ որպես հակազդեցություն Հնդկաստանի կողմից լայնածավալ ներխուժման դեպքում: Սակայն ներկայումս նման սցենարը դեռևս հեռու է իրականությունից:

Վերջին վեց տարում Հնդկաստանի և Պակիստանի միջև սա երկրորդ ռազմական բախումն է, ինչը վկայում է հետմիաբևեռ աշխարհակարգի մարտահրավերների մասին: Նման աշխարհում շատ պետություններ, հատկապես Գլոբալ Հարավի երկրները, ձգտում են ավելի մեծ ինքնիշխանության և որոշումների կայացման անկախության: Նրանցից ոմանք կարող են այդ ինքնավարությունն օգտագործել վճռական քայլերի համար՝ առաջնորդվելով սեփական ընկալված ազգային շահերով: Միացյալ Նահանգները միշտ չէ, որ կարող է վերահսկել այս գործընթացը: Ավելին, այն ի վիճակի չէ «լուծել» խոր պատմական արմատներ ունեցող հակամարտությունները հեռավոր տարածաշրջաններում: Թրամփի վարչակազմը, կարծես, բնազդաբար գիտակցում է այս իրողությունը՝ առնվազն Հարավային Ասիայի պարագայում»,- ասված է հոդվածում:

Պատրաստեց՝ Արման Գալոյանը