Վերլուծություն

Իրանական թատրոն՝ ադրբեջանական բեմահարթակին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին մեկօրյա այց կատարեց Ադրբեջան, որը կարելի է նրբորեն մշակված իրանական դիվանագիտական «ներկայացում» համարել։

Փեզեշքիանի այցի արհեստական փայլը

Ի սկզբանե շրջանառություն մեջ դնելով տեղեկատվություն, թե Փեզեշքիանը Բաքու է մեկնում շուրջ 150 հոգանոց պատվիրակությամբ, պաշտոնական Թեհրանը փորձեց այդ այցի պատմական կամ ստրատեգիական նշանակության PR ֆոնն ապահովել։ Իսկ այցի շրջանակներում երկու երկրների միջև ստորագրվեց փոխըմբռնման 7 հուշագիր, որոնք վերաբերում են առողջապահության, մեդիայի և ներդրումների, քաղաքական խորհրդակցությունների, մշակութային փոխանակման, տրանսպորտի ոլորտներին։

Բացի այդ, Իրանի նախագահը Բաքվում արեց Ալիևի վարչակազմի համար ունկնհաճո մի քանի հայտարարություն։ Փեզեշքիանը հայտարարեց, թե Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է, և դրան իրենք հարգանքով են մոտենում։ Իսկ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նա ակնարկել է «Ղարաբաղում և այլ տարածքներում ադրբեջանցիների իրավունքների» մասին՝ թերևս նկատի ունենալով Հայաստանից ժամանակին հեռացած էթնիկ ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին Բաքվի նարատիվը։

Իր մկրոբլոգում անդրադառնալով Ադրբեջան կատարած այցին՝ Մասուդ Փեզեշքիանը նույնիսկ Ալիևին «իր սիրելի եղբայր» է անվանել, ապա ավելացրել, որ «այցը վստահության ամրապնդման և նոր հորիզոններ բացելու նախերգանք է․․․»:

Այսինքն, պաշտոնական Թեհրանն ամեն ինչ արել է՝ այցին առանձնահատուկ նշանակության էֆեկտ տալու համար։ Սակայն ավելի խորքային հայացք նետելով՝ կարելի նկատել, որ որևէ առանձնահատուկ բան, համենայնդեպս հրապարակային մակարդակում, տեղի չի ունեցել։ Առաջին անգամը չէ, որ Թեհրանից խոսում են Ղարաբաղը Ադրբեջանի մաս լինելու մասին․ դրանում ոչ մի նորություն չկա։ Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու մասին ուղիղ որևէ պնդում չի արվել, հետևաբար, ընդհանրական ֆրազներով ընդամենը Բաքվի ականջը շոյելու խնդիր է լուծվել։ Ինչ վերաբերում է ստորագրված փաստաթղթերին, դրանք որևէ ստրատեգիական նորույթ իրենց մեջ չեն պարունակում և վերաբերում են այնպիսի հարաբերությունների, որոնք հատուկ են ցանկացած քիչ թե շատ բնականոն հարաբերությունների մեջ գտնվող հարևան երկրների։ Բացի այդ, գրեթե  բոլոր փաստաթղթերը հուշագրերի մակարդակի են։

Ավելին, թե՛ Ադրբեջանի և թե՛ Իրանի համար սկզբունքային նշանակություն ունեցող «Զանգեզուրի միջանցքի» հիմնահարցի առնչությամբ հենց Բաքվում Փեզեշքիանը կրկնեց տարածաշրջանային սահմանների անփոփոխելիության և և երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու՝ Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը։ Այսինքն, քիչ է հավանականությունը, որ կուլիսների ետևում այս հարցում Հայաստանի շահերին առնչվող շրջադարձային և անակնկալ տեղաշարժեր են արձանագրվել։ Այդ մասին է վկայում նաև հանգամանքը, որ այցի ընթացքում շեշտվել է Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի ԻՀ-ին կապելու ուղիներ տրամադրելու կարևորությունը, այդ նպատակով Արաքս գետի վրա կամուրջ կառուցելու պայմանավորվածությունը։

Հարց է առաջանում՝ այդ դեպքում Թեհրանի ինչի՞ն է պետք այս «ներկայացումը։

«Շագանակներ» արտաքին և ներքին հանդիսատեսին

Ըստ էության, Թեհրանն այդպիսով փորձում է երկու հիմնական խնդիր լուծել։         

Առաջին՝ հնարավորինս փոխել Իրան-Ադրբեջան հարաբերություններում առկա սառը տոնայնությունը։ Իրանը փորձում է վերագործարկել երկխոսությունը՝ հարաբերությունների հավասարակշռությունը վերականգնելու համար։

Բացի այդ, Թեհրանը խնդիր ունի՝ հասկանալ Բաքվի դիրքավորումը ԱՄՆ-ի և Իսրայելի հետ իր առճակատման և միջուկային ծրագրի շուրջ առաջացած ճգնաժամի համատեքստում։ Իրանը հույս ունի ապահովագրել իր հյուսիսային թիկունքը՝ Իսրայելի հակաիրանական հաշվարկներում Բաքվի՝ «պտուտակ» դառնալու հեռանկարը «բարեկամական դիվանագիտությամբ» թուլացնելու միջոցով։

Նման կանխարգելիչ միջոցառում մինչ այս Թեհրանը նախաձեռնել էր՝ նաև Ռուսաստանի հետ կապված։ Փեզեշքիանի՝ Բաքու այցին նախորդել էր Իրանի արտգործնախարար Աբբաս Արախչիի ապրիլյան այցը Մոսկվա։ Ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ՌԴ-ի պարագայում Թեհրանը չունի վստահություն, որ Մոսկվան ԱՄՆ-ՌԴ վերջին շրջանի մերձեցման շրջանակում թիկունքից չի հարվածելու։ Եվ Արախչին փորձում էր իրենց ռազմավարական գործընկերությանը համահունչ հավատարմության երաշխիքներ գտնել Մոսկվայում։ Հիմա հերթը Ադրբեջանինն է։ Իրանի փորձում է իր համար Բաքվի վարքագիծն ավելի կանխատեսելի և վստահելի դարձնել՝ քողարկելով այս պրագմատիկ ակնկալիքը «հարազատության անկեղծ քաղաքականության» շղարշի տակ։

Երկրորդ՝ «հավատարմության կապիտալ» կուտակել Իրանի ազերիական մեծազանգված համայնքում։ Իրանում հասկանում են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության խորացման որևէ փուլում այդ էթնիկ հանրույթը կարող է ծառայեցվել որպես Իրանը ներսից ապակայունացնելու, հնարավորության դեպքում՝ պայթեցնելու գործիք։ Հաշվի առնելով, թե որքան զգայուն է այդ զանգվածը Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների հարցում, Թեհրանը որոշել է խաղարկել Մասուդ Փեզեշքիանի՝ ազերիական ծագում ունենալու «խաղաթուղթը»։ Պատահական չէր ոչ միայն Բաքվում Փեզեշքիանի կողմից Ալիևին «սիրելի եղբայր» դիմելը, այլ նաև արած այն հայտարարությունը, թե Ադրբեջանում իրեն զգում է ինչպես տանը, իսկ Իրանն էլ ադրբեջանցիների հայրենիքն է։ Սա հաշվարկված մարտավարություն է՝ ահագնացող մարտահրավերների պայմաններում նվազեցնելու արտաքին խաղացողների միջամտությամբ ներքին պառակտման ռիսկերը։  

Իսրայելի ներկայությունը Բաքվում և Մեղրիի նկատմամբ Ադրբեջանի անթաքույց միջանցքային հավակնությունները շարունակում են Իրանի համար մնալ նույնքան ռիսկային խնդիրներ։ Որքան էլ Իրանի տարածքով Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տրամադրելով՝ Թեհրանը փորձում է բովանդակազրկել «Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի պահանջը, այն չի կանխում Բաքվի խորքային հավակնություններն այն պարզ պատճառով, որ Մեղրին իրենց աշխարհաքաղաքական նկրտումներում ոչ թե որպես զուտ անվերահսկելի տրանսպորտային հանգույց է, այլ որպես թյուրքական աշխարհի ցամաքային ողնաշարի հանգուցային օղակ՝ ի վնաս, առաջին հերթին, Իրանի։  

Հայաստանը կապահովի՞ ադրբեջանա-իրանական զուգապարի մեղեդին

Որքան էլ պարզ է, որ դա գիտակցում են նաև Թեհրանում, սակայն Սյունիքում էսկալացիայի բացառման կենսական անհրաժեշտությունը Թեհրանին կարող է դրդել՝ ավելի սերտացնել Բաքվի հետ տնտեսական և կոմունիկացիոն կապերը, որպես վերջինիս նկատմամբ կապանքները շատացնելու միջոց։ Սա որքան դրական է Հայաստանի համար, նույնքան էլ՝ բացասական, որովհետև այդ կերպ Բաքուն իր հերթին փորձելու է յուրացնել տարածաշրջանային բոլոր տնտեսական, էներգետիկ ու կոմունիկացիոն նախագծերը, Իրանին բերել իր շահերի տիրույթ և այդ կերպ խորացնել Հայաստանի մեկուսացումը։ Իսկ որ Բաքվում հիմնական առարկայական խոսակցությունը վերաբերել է հենց կոմունիկացիոն և տնտեսական համատեղ նախագծերին, պարզ է դառնում այցի տեղեկատվական ուղեկցումից։    

Սա Հայաստանի համար հստակ ազդակ է առ այն, որ Երևանը չպետք է դիտորդ մնա Իրան-Ադրբեջան խաղերում։ Այդ կարգավիճակից դուրս գալու հիմնական միջոցը «Խաղաղության խաչմերուկի» իր մոդելը գործնականացնելն է բոլոր պոտենցիալ շահառուների՝ Իրանի, Հնդկաստանի, Արաբական երկրների ու ԵՄ-ի շահերի հաշվարկմամբ տրանսպորտային, էներգետիկ ու մաքսային շահավետ լուծումների և դրանից բխող ներդրումների իրատեսական առաջարկներով։

Տանգոն, իհարկե, պարում են երկուսով, բայց շատ կարևոր է, թե ով է ապահովում եղանակը։  

Գոռ Աբրահամյան