Վերլուծություն

Հայկական հանգույց ԱՄՆ-Իրան «փափուկ գոտեմարտում»

ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային մաքոքային բանակցությունները, որոնք մեկնարկել են Օմանում, և որի հեռանկարների առթիվ երկու կողմն էլ զգուշավոր լավատեսություն են հայտնել, կշարունակվեն Հռոմում։ Դեռևս վաղ է, իհարկե, խոսել կոնֆլիկտը վերջնականապես դիվանագիտական ռելսերի վրա տեղափոխելու մասին։ Սակայն ինքնին հանգամանքը, որ բանակցությունները շարունակվում են, էականորեն թուլացնում է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված պայթյունավտանգ լարվածությունը, հատկապես՝ միմյանց հասցեին կողմերի կոշտ և միլիտարիստական հայտարարությունների և գործողությունների ֆոնին։

Իրանը փաստացի հասավ նրան, որ բանակցությունները սկսվեն միջնորդավորված, ինչը վկայում էր նաև պատերազմից խուսափելու՝ Վաշինգտոնի ձգտումը։ Դա ակնհայտ դարձավ նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Վաշինգտոն կատարած չհաջողված այցի արդյունքում։

Բանակցությունների օրակարգը

Դատելով Օմանում կայացած առաջին բանակցային ռաունդից հետո ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հայտարարություններից՝ ԱՄՆ-ն այլևս չի պահանջում Իրանից ամբողջական միջուկային զինաթափում, պահանջելով, ըստ էության, իջեցնել ուրանի հարստացման մակարդակը մինչև 3,67% և համաձայնել միջուկային օբյեկտների նկատմամբ ավելի խիստ վերահսկողական ռեժիմի հաստատմանը։ Ըստ էության, դա նշանակում է վերադարձ 2015թ․ «միջուկային գործարքի» տրամաբանությանը, որն իր առաջին պաշտոնավարման ընթացքում ձախողել էր Դոնալդ Թրամփը՝ դուրս գալով այդ պայմանագրից։

Գործարքային տրամաբանությամբ բանակցություններ վարելու՝ Թրամփի վարչակազմի նախորդ փորձից ելնելով՝ պետք է ենթադրել, որ Վաշինգտոնը Իրանից նաև որոշակի տնտեսական դիվիդենտների ակնկալիք ունի, որը կարող է քննարկելի լինել Թեհրանի համար՝ Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաների վերացման կամ, առնվազն, էական թուլացման պարագայում։ Ամենայն հավանականությամբ, ընդհանուր բանակցային փաթեթում կլինի նաև Իսրայելի անվտանգության երաշխիքների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում իր ազդեցության տակ գտնվող պրոքսի-խմբավորումներից, ինչպես, օրինակ, Հզբոլլահից և Եմենի հութիներից Իրանի օտարման հարցերը։

Ռուսական դավադրության վախը

Բանակցություններին զուգահեռ, Իրանը շարունակում է թիկունքն ամրապնդելու դիվանագիտական ջանքերը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ մեկնել էր Մոսկվա, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նրան փոխանցել իր երկրի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը։ Թեև վերջինիս բովանդակությունը չի հանրայնացվել, սակայն Արաղչին ակնարկել է, որ այն վերաբերում է «տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին»։ Չի բացառվում, որ Մոսկվային ամենաբարձր մակարդակով ուղերձ հղելով՝ պաշտոնական Թեհրանը ոչ միայն որոշակիորեն տեղեկացրել է ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունների՝ Մոսկվային հետաքրքրող դետալների մասին, այլև որոշակի ակնկալիքներ է ներկայացրել։ Ընդամենը օրեր առաջ ՌԴ արտգործնախարարությունը հրապարակավ հույս էր հայտնել, որ Իրանի խորհրդարանը կվավերացնի այս տարվա սկզբին Մոսկվայում ստորագրված Իրան-Ռուսաստան համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։

Ինքնին փաստը, որ Իրանը դեռևս չի վավերացրել այդ կարևոր փաստաթուղթը, կարող է վկայել Ռուսաստանի վարքագծից Թեհրանի ունեցած որոշակի դժգոհության մասին։ Նկատելի էր, որ Մոսկվան ընդգծված անտարբերություն էր ցուցաբերում Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սանձազերծած ռազմաքաղաքական ճնշումների, Իրանի հարավարևելյան ափերի մոտ հսկայական ռազմական կոնտիգենտ և տեխնիկա կուտակելու գործընթացի նկատմամբ, ինչը հակասում է  հարաբերությունների՝ հայտարարված «ռազմավարական» բնույթին։ Թեհրանը, թերևս, փորձում է իր համար այս վճռորոշ ժամանակահատվածում պարզել Ռուսաստանի տված խոստումների ամրությունը և համոզվածություն ձեռք բերել, որ Մոսկվան ամենապատասխանատու պահին, հանուն ԱՄՆ-ի հետ մերձեցման, չի «գցի» իրեն։ Չի բացառվում, որ Արաղչիի այցը Մոսկվա հենց այս հանգամանքները պարզելու նպատակ է հետապնդում։

Միաժամանակ  հայտնի դարձավ, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Բաքու է այցելելու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Ընդ որում, դատելով այն հանգամանքից, որ նրա պատվիրակությունը կազմված է լինելու շուրջ 120 անձից՝, ներառյալ՝ նաև գործարարներ, պետք է ենթադրել, որ Թեհրանը առանձնակի կարևորություն է տալիս այս այցին։

Իրանը փորձում է կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ, դրանք ամրապնդել տնտեսական նախագծերով և, թերևս, ստանալ հակաիրանական ռազմաքաղաքական «արշավում» Ադրբեջանի նեյտրալության երաշխիքներ։ Այս իմաստով, Հարավային Կովկասն ուրույն երանգ է ստանում ԱՄՆ-Իրան գործընթացի համատեքստում։ 

Մեղրին Իրան-ԱՄՆ առանցքում

Իրանի շուրջ վերջին զարգացումների ֆոնին անցած շաբաթ տարածաշրջանում տեղի ունեցավ ռազմաքաղաքական նշանակության իրադարձություն․ Մեղրիում անցկացվեցին Իրան-Հայաստան համատեղ զորավարժություններ։ Կարելի է ասել՝ այն տեղի ունեցավ առանց Վաշինգտոնի բացահայտ դժգոհության։

Եթե Մեղրիում զորավարժություններ անցկացնելը Իրանի պատասխանն էր Ադրբեջանի «զանգեզուրյան միջանցքի» պահանջներին, սահմանային լարվածությունը մեծացնելու՝ Բաքվի փորձերին և ուղիղ ակնարկ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում գործնական քայլերի պատրաստ լինելու մասին, ապա զորավարժություններն առանց ամերիկյան հրապարակային քննադատության անցկացնելը ուղերձ էր Վաշինգտոնից, որ ԱՄՆ-ն ճանաչում է Թեհրանի հետ Երևանի սահմանափակ գործընկերային հարաբերությունների լեգիտիմությունը։ Իրականում, դա պակաս կարևոր քաղաքական ազդակ չէր, քան ինքնին զորավարժությունների անցկացումը։

Բայց տեղի ունեցածն ուներ նաև թաքնված էական ենթաշերտ․ ԱՄՆ-ն այդպիսով ցույց տվեց, որ չի ցանկանում խափանել հնարավոր երկխոսության ուղիները Իրանի հետ, և որ Հայաստանն, ունենալով կայուն և լավ հարաբերություններ թե՛ Վաշինգտոնի, թե՛ Թեհրանի հետ, կարող է լինել վստահելի հաղորդակցող՝ առնվազն հարավկովկասյան օրակարգի շրջանակներում։ Այսինքն, եթե Հայաստանն ունենա հստակ ռազմավարական տեսլական, կարող է ԱՄՆ-Իրան առանցքում դառնալ տարածաշրջանային հանգույցներից մեկը։ Այս իմաստով, Հայաստանը ոչ միայն Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման շահառու է, այլև՝ հարթակ։ Եվ, այդ առումով, «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործնականացումը կարող է նշանակալի պլատֆորմի դեր կատարել։ Հայաստանը պետք է ընդունի, որ այլևս պարզապես «սահմանակից» չէ, այլ կարող է դառնալ Հարավային Կովկասում Արևմուտքի և Իրանի միջև հավասարակշռող կապ։

Գոռ Աբրահամյան