Վերլուծություն

Միակողմանի սեր առ Ռուսաստան. ինչո՞ւ են տիտղոսային ընդդիմությունից խոսում Միութենական պետության մասին

Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որ ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր Կոմկուսի ընտրացուցակը, հայտարարել է՝ կողմ է Միութենական պետությանը Հայաստանի անդամակցությանը։

«Այո, ես կողմնակից եմ Բելառուսի սկզբունքով պահել այդ ամեն ինչը»,- հայտարարել է նա։

Սկսենք նրանից, որ Միութենական պետությանը կամ որևէ այլ միջազգային կառույցի Հայաստանի հնարավոր անդամակցության հարցն ամենահեռավոր առնչություն անգամ չունի համայնքապետերի ու ավագանու լիազորությունների հետ։ Հետևաբար, Վարդան Ղուկասյանի կողմից այս թեմայի անդրադառնալը կարելի է անտեղի որակել։ Մեղմ ասած անտեղի, եթե միայն նկատի չունենանք հանգամանքը, որ նա Կոմկուսի ցուցակն էր գլխավորում։

Բայց Վարդան Ղուկասյանի կողմից այս խոսքերը, այն էլ՝ Գյումրիում քաղաքապետի պաշտոնում «ընդդիմության միասնական թեկնածուի» ընտրվելուց հետո, պատահական չեն և անհրաժեշտ է ավելի լայն համատեքստում դիտարկել։ Տպավորություն է, որ սա հատուկ խայծ էր՝ տիտղոսային ընդդիմության կողմից «հաղթանակից» հետո։

Ի վերջո, որքան էլ Ղուկասյանը հայտարարի, թե ինքը քաղաքական հենարան չունի, ոչ մեկի հետ այս պահին քաղաքական ճանապարհ չի գնում, միևնույն է, այս ընտրություններում նա համարվում էր Ռոբերտ Քոչարյանի «պրոտեժեն»։ Այդ փաստը հիմնավորվեց քարոզարշավի ժամանակ. Ղուկասյանը քննադատում էր նախկին նախագահներին, անգամ՝ Սերժ Սարգսյանին անուղղակի մեղադրեց իր դեմ 2007թ. մահափորձին առնչակցության մեջ, ու չնայած «նախկիններից տարանջատվելու» փորձերին, այնուամենայնիվ, պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանին, անգամ՝ գովերգում նրա քաղաքականությունը։ Եւ ուրեմն, որքան էլ Ղուկասյանը տեսախցիկների առաջ լենինականյան հումորների ժանրով կատակներ անի, այնուամենայնիվ, նրա ուղերձը քաղաքական նշանակություն կարող է ունենալ, և որոշակի թիմի կողմից տեսակետն անուղղակի ներկայացնելու փորձ է։

Ընդ որում, Վարդան Ղուկասյանն այս տեսակետում միայնակ չէ։ Այդ նույն միտքը բայց շատ ավելի «քաղաքական» ձևակերպումներով կրկնել էր ոչ այլ ոք, քան Ռոբերտ Քոչարյանը դեռ երեք տարի առաջ՝ 2022թ. փետրվարին ասուլիսի ժամանակ։ Անդրադառնալով Ռուս-բելառուսական միութենական պետությանը միանալու հարցին՝ Քոչարյանը նշել էր. «Եթե դու այս տարածաշրջանում գնում ես գործոն դառնալու ուղղությամբ, հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել Ռուս-բելառուսական միութենական պետության շրջանակներում»։

Ուստի, հիմա Ղուկասյանի կողմից այս թեմայի թարմացումը շատ ավելի հեռուն գնացող նպատակներ ունի։

Բայց այս ողջ պատմության մեջ ամենաուշագրավն այն է, որ առ Ռուսաստան և Միութենական պետություն սիրային խոստովանություներն արվում են միակողմանի, այն էլ՝ անպատասխան, այն էլ՝ առանց նման թեմա օրակարգում ունենալու։

Արման Գալոյան