Վերլուծություն

Վայոց ձորի հանդեպ անտարբերությունը և տարբերությունը

Հայաստանում անկախությունից ի վեր խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր շատ քիչ են իրականացվել։ Սա ինչ-որ չափով հասկանալի է եղել։ Անկախության առաջին շրջանում՝ մի համակարգից մյուսին անցման փուլում (նորաստեղծ պետություն, պատերազմ, տնտեսական ճգնաժամ, փախստականներ, աղետի գոտի և այլն) պետությունը չէր կարող իրեն թույլ տալ մեծ նախագծեր։

Իսկ դրան հաջորդած տարիներին անընդհատ հղում է արվել, որ չավարտված պատերազմի և ԼՂ հիմնախնդրի չլուծված լինելու պայմաններում ֆինանսական հոսքերը հիմնականում ուղղվում են ռազմական, պաշտպանական ոլորտին։ Արդյունքում միջին և փոքր ենթակառուցվածքային նախագծեր հանրապետության տարածքում քիչ են իրականացվել։

Շրջանները հայտնվել էին անտարբերության մեջ, որտեղ անկախությունից ի վեր, եթե չասենք ոչինչ, ապա չնչին ծրագրեր էին արվել։ Սրա վառ օրինակն է Վայոց Ձորի մարզը, որը, լինելով Հայաստանի ամենափոքր մարզը, շատերի կարծիքով զրկված է եղել ուշադրությունից։

Նախօրեին Վայոց Ձորում վարչապետը ծանոթացավ մի շարք նոր ենթակառուցվածքների բացմանը՝ դպրոցներ, ճանապարհներ, մանկապարտեզներ, մշակութային և մարզական օբյեկտներ։ Փոքր մարզի համար սա, կարելի է ասել, մեծ ձեռքբերում է, քանի որ այն երկար ժամանակ եղել է անտեսված, ավելին, չի ունեցել նաև սահմանամերձի «համբավ», եթե հաշվի չառնենք, որ երբեմն խոսվել կամ անդրադարձ է կատարվել Խաչիկ գյուղի սահմանային դեպքերին։

2020թ. պատերազմից հետո մարզն արդեն սահմանակից է դարձել Ադրբեջանին, մի կողմից ուղղակի՝ Քելբաջարի հատվածում, մյուս կողմից՝ Նախիջևանի։

Նախկինում մարզը լավագույն դեպքում հիշվում էր Արենիով, Նորավանքի վանական համալիրով կամ Ջերմուկի առողջարաններով: 

Արդյունքում, հարուստ բնաշխարհ և պատմություն ունեցող մարզը ներկայանում էր շատ ավելի համեստ, քան իր պոտենցիալն էր:

Հիմա, իհարկե, պետությունը մեծ ենթակառուցվածքային նախագծեր է անում՝ պահպանելով համաչափությունը:

Նաև միջոցներ են ներդրվում մարզի՝ թեկուզ փոքր գյուղերում կրթական կենտրոններ բացելու համար, դրանով ընդգծելով պետության ուշադրությունը հեռավոր համայնքների համար։

Ուշադրություն է դարձվում նոր պատմամշակութային կոթողների վրա. դրանք խնամվում են, մաքրվում և կարող են դառնալ այլընտրանքային նոր ուղղություններ զբոսաշրջության համար:

Ուրախացնող այն է, որ ավանդաբար անտեսված մարզը նոր շունչ է ստանում՝ հետ չմնալով կամավորության նոր ծրագրերից և մյուս մարզերին հասանելի տենդենցներից: Իր չափերով փոքր Վայոց Ձորը հանրապետության մեջ բավականին մեծ ռազմավարական դիրք է զբաղեցնում: Նման տեմպը մոտ ապագայում կփոխի մարզի ժողովրդագրական և սոցիալ-հոգեբանական վիճակը, ճիշտ է, համեստ առաջընթացով, սակայն՝ կարևոր:

Այսքանից հետո, նկատենք, նորովի վերազինված ենթակառուցվածքներում, ցավոք, չկա բովանդակություն: Եթե ուզում ես տունը շեն մնա, այնտեղ պետք է ապրես: Այս դեպքում, եթե ուզում ես ենթակառուցվածնքերն իրենց նպատակին ծառայեն, դրանք պետք է լցվեն բովանդակությամբ: Ասել է, թե նոր դպրոցներում պետք են բովանդակային դասապրոցեսներ, խմբակներ, մարզական համալիրներում նոր մրցաշարեր լինեն, իսկ նորակառույց փողոցները նոր նախագծերի արդյունքում պետք է հոսք ապահովեն, որպեսզի նախկին ճակատագրին չարժանանան՝ ծածկվելով փոշով և փոսերով։

Փառատոնները և տեղային միջոցառումները ունեն ժամանակավոր բնույթ, որից հետո կյանքը նորից կանգ է առնում մարզերում։ Անհրաժետ է մասնավորի ներգրավմամբ ստեղծել շարունակական նախագծեր, որոնք կօգնեն փոխել մարզի մթնոլորտը։ Սրա լավագույն օրինակը Վայքը ներկայացնող «Նորավանք» ֆուտբոլային ակումբն էր, որը քաղաքում կառուցեց «Արևիկ» մարզադաշտը և երկու տարվա ընթացքում դարձավ Հայաստանի գավաթակիր՝ ակտիվացնելով մարզի կյանքը։ Սակայն ինչ-ինչ պատճառներով այն դադարեցրեց իր գործունեությունը։ 

Պետությունն ամեն ինչ պետք է անի նմանատիպ նախագծերի կայացման համար, քանի որ դրանք նպաստում եմ մարզի երկարաժամկետ հեռանկարին։ Պետությունն իրավունք ունի տեղային որոշումներ կայացնել և իրավունք չունի նմանատիպ նախագծերը ձեռքից բաց թողնել։ Սա է կարևոր խնդիրը, որին պետք է ուշադրություն դարձնել հանրապետության բոլոր մարզերի պարագայում։