Վերլուծություն

Ինչո՞ւ Ղարիբաշվիլին հեռացավ, և ի՞նչ է կատարվում Վրաստանում

Նախորդիվ արդեն գրել էինք, որ Վրաստանի ոչ պաշտոնական ղեկավար, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի ամենահարուստ մարդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին վերադառնում է ակտիվ քաղաքականություն։  

Իշխող «Վրացական երազանքի» համագումարում նա հայտարարել էր իր իսկ ստեղծած կուսակցությունը կրկին գլխավորելու և պատվավոր նախագահի պաշտոնը զբաղեցնելու պատրաստակամության մասին։ Իվանիշվիլիի խոսքերով՝ նման որոշման իրեն դրդել է մի քանի պատճառ, որոնց թվում նա առավել կարևոր է համարել «աշխարհաքաղաքական իրադրությունը», ինչպես նաև իշխող կուսակցության համախոհների շրջանում «կոռուպցիայի և ներքին դիմակայության ռիսկերը»:

Հիմա էլ նոր փոփոխություն է իրականացվում Վրաստանի քաղաքական կյանքում․ հրաժարական է տվել Վրաստանի վարչապետ, քաղաքական հնաբնակ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վարչապետի ամենահավանական թեկնածուն «Վրացական երազանք» կուսակցության գործող նախագահ, պատգամավոր, Վրաստանի ԱԺ նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեն է։

Ցանկացած քաղաքական գործչի առաջ, անկախ  քաղաքական ռեժիմից՝ կլինի ժողովրդավարություն, միապետություն կամ ավտոկրատիա, միշտ երկու խնդիր կա․ գլխավորն իշխանությունը պահպանելն է, երկրորդայինը՝ երկրի քիչ թե շատ հաջող իմիջի համար պայմաններ ստեղծելը։ Ժողովրդավարական երկրներում իշխանությունը պահպանելու խնդիրն ուղղակիորեն կապված է ընտրողների հետ հաջող հաղորդակցային քաղաքականությունից։ Երբեմն, ի դեպ, դա հանգեցնում է պոպուլիզմի բավական այլանդակ ձևերի և որոշումների, որոնք հակասում են երկրի ազգային շահերին, բայց ի շահ են պոպուլիստ գործիչներին և քվեների հավաքին։ 

Իվանիշվիլիի իրավիճակը, սակայն, բավական տարբեր է և ոչ դասական ու դասագրքային։ Նրա կառուցած իշխանական մոդելում ընտրողների հետ հաղորդակցվելու խնդիրն առաջնային չէ։ Մշակված նախընտրական տեխնոլոգիաները և ընդդիմության մասնատման քաղաքականությունը թույլ են տալիս չանհանգստանալ ընտրությունների արդյունքի մասով։ Շատ ավելի կարևոր է իշխանության ներսում տարբեր ուժային ու ազդեցիկ խմբերի նկատմամբ վերահսկողության պահպանումը և Իվանիշվիլիի՝ իշխանության համակարգից դուրս մնալու ցանկացած փորձի կասեցումը։ «Վրացական երազանքի» իշխանության տարիների ընթացքում վարչապետների և նախարարների գրեթե բոլոր ռոտացիաները ուղղված են եղել հենց այդ խնդրի սպասարկմանը։

Իրակլիների ներկայիս վերադասավորումը բացառություն չէ: Ի՞նչ կար մինչև 2023թ․ դեկտեմբերը, երբ Իվանիշվիլին հայտարարեց իր «երկրորդ գալստյան» մասին: Վրաստանը ստացել էր ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, ինչը նախանշել էր Արևմուտքի շահերը Հարավային Կովկասում: Միևնույն ժամանակ, արևմտյան գործընկերները և, առաջին հերթին, ԱՄՆ-ն արդեն բացահայտորեն իրենց դժգոհությունն էին հայտնում առ այն, որ Վրաստանը դարձել է Ռուսաստանի էկոհամակարգի մի մասը, ակտիվորեն մասնակցում է զուգահեռ արտահանմանը և սպասարկում ՌԴ տնտեսական շահերը։ ԱՄՆ-ն նաև ակնարկում էր, որ ընդդիմությանը լուրջ աջակցության իրական հնարավորություն է ստեղծվել։ Ընդ որում, դա վերաբերում էր «Վրացական երազանքի» ներքին ընդդիմությանը։ Հավանաբար, այդ ազդակները որոշակի տուրբուլենտություն են ստեղծել իշխանական թիմի ներսում։ Այդ իսկ պատճառով Իվանիշվիլին ստիպված է վերադառնալ հանրային քաղաքականության ոլորտ՝ կուսակցության պատվավոր նախագահի պաշտոնում, վարչապետի առաջադրման իրավունքով։

Ղարիբաշվիլին և նրա թիմն այսօր ունեն լուրջ ֆինանսական ռեսուրս և արտաքին աջակցություն Չինաստանի կողմից։ Այս հանգամանքը նրան պոտենցիալ վտանգավոր է դարձրել գործող իշխանական համակարգի համար։ Բացի այդ, Ղարիբաշվիլիի և նրա թիմի մի շարք նախարարների կերպարները լրջորեն զայրացրել են Վրաստանի արևմտյան գործընկերներին։ 

Այսպիսով, փոխատեղում կատարելով՝ Իվանիշվիլին լուծում է նաև մի շարք խնդիրներ։ Նախ, վերացվում է համակարգի անհավասարակշռության հնարավոր վտանգը: Երկրորդ․ եթե ոչ ռևերանս, ապա առնվազն ազդակներ են տրվում արևմտյան գործընկերներին։ Եվ վերջապես, ձևավորվում է նախընտրական փուլի կառավարություն, որը պետք է հաղթանակ տանի գալիք ընտրություններում, և որտեղ առաջին համարը կլինի Իրակլի Կոբախիձեն։ Իսկ Կոբախիձեն նախկին «սորոսական», պրոֆեսիոնալ իրավաբան, հմուտ քաղաքացիական փորձագետ է և Իվանիշվիլիին բացարձակ լոյալ կերպար, որը չունի այնպիսի թիմային և ֆինանսական ռեսուրսներ, ինչպիսին Ղարիբաշվիլին է, ուստի բացարձակապես վտանգավոր չէ, համենայն դեպս, այս փուլում։