Վերլուծություն

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին։ Նա ասել է, թե այս պայմաններում երկկողմ բանակցությունները վտանգավոր են․ «Պարտված իշխանությունը գնալու է, ևս մեկ անգամ բանակցի իրեն հաղթողի հետ, և սա լինելու է պարտվածի ու հաղթողի խոսակցություն՝ սրանից բխող տխուր հետևանքներով»,- ասել է Ռուստամյանը՝ հավելելով, որ միջնորդների անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ կողմերի դիրքերը անհավասար են։ 

Երկկողմ բանակցությունների մասին առաջինը խոսել է ադրբեջանական կողմը։ Օրերս Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, թե «Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատները, սերմերն այստեղ են, ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում և Փարիզում»։ Միաժամանակ, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, թե «Ադրբեջանը Հայաստանի հետ պատրաստ է ուղիղ բանակցությունների՝ երկկողմ հիմքով խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման համար»։

Եթե մի կողմ թողնենք դասագրքային տրիվիալ հայտարարություններն ու փորձենք կատարվողին նայել ռեալ իրողություններով, հետաքրքիր է՝ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ո՞ր երկիրն է պատրաստ միջնորդի դեր ստանձնել, ըստ այդմ, երկուստեք երաշխավորելով նաև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ 

Այս հարցի միանշանակ պատասխանը չկա։ Ընդհակառակը, Ռուսաստանը, որպես 2020թ. նոյեմբերի 9/10-ի հայտարարության երրորդ կողմ, զբաղված լինելով ուկրաինական պատերազմով, ի վիճակի չէ ապահովել այդ փաստաթղթի չկատարված դրույթների իրագործումը։ Չի կարող, թե չի ցանկանում, խնդրի մյուս կողմն է։ 

ԵՄ-ն ու ԱՄՆ-ն էլ այս գործընթացի մեջ «թաթախված են» այնքանով, որքանով․․․ Եվ դեռ հարց է՝ նրանց շահերը որքանո՞վ են թույլ տալիս ճնշումներ գործադրել Ադրբեջանի նկատմամբ, եթե վերջինս տեր չկանգնի իր պայմանավորվածություններին։ Փաստ է, որ Ադրբեջանը հրաժարվեց արևմտյան հարթակում մասնակցել բանակցությունների, ընդ որում՝ և չմեկնեց Գրանադա ու Բրյուսել, և չմեկնեց Վաշինգտոն։ ՈՒ Արևմուտքը որևէ քայլ չարեց նրան «բերման ենթարկելու» համար. կրկին՝ չկարողացան, թե չցանկացան, խնդրի մյուս կողմն է։

Նման խոսակցություն տեղի չէր ունենա, եթե գտնվեինք աշխարհաքաղաքական միանգամայն այլ իրողություններում, եթե գործեր աշխարհաքաղաքական զսպման մեխանիզմների ու հակակշիռների համակարգը։

Եվ ի՞նչ պետք է անի Հայաստանը ստեղծված իրավիճակում. հրաժարվի՞ բանակցային գործընթացից՝ այդպիսով մեծացնելով պատերազմի հավանականությունը, թե՞, այնուամենայնիվ, շարունակի բանակցությունները՝ ապագայում ինչ-որ համաձայնության հասնելու ակնկալիքով։

Համենայն դեպս, ցանկացած դեպքում դիվանագիտական գործիքների իրացումն ու բանակցությունները միշտ ավելի լավ են, քան գործընթացի վիժեցումը։ Այլ հարց, թե այդ բանակցություններին գնալն ու պայմանավորվածություններ ձեռք բերելն ինչպես պետք է իրագործել, ինչ անել, որ պարտվածի բարդույթը չխանգարի Հայաստանին բանակցություններում իր շահերն առաջ տանելու համար։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կան խնդիրներ, այդ դեպքում ո՞րն է լավ՝ չբանակցել ու իրավիճակը սրե՞լ, թե՞ բանակցել։ Մեկ անգամ արդեն դրա հետևանքները տեսանք, և կատարվածի «տակից դեռ դուրս չենք գալիս»։

Իհարկե, մյուս կողմից էլ հասկանալի է, որ նման իրավիճակում Ադրբեջանի հետ բանակցությունների գնալը հղի է լուրջ վտանգներով։ Շախմատային լեզվով ասած՝ ցուգցվանգային վիճակ է, և այս իրավիճակից դուրս գալու համար պետք է ելքեր փնտրել, ոչ միայն իշխանությունը, այլև՝ ընդդիմությունը, ի դեպ, համատեղ։ Նախորդ տարի նման փորձ եղավ, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր միասնական լուծումներ գտնել, բայց այդ առաջարկը վիժեցրեց տիտղոսային ընդդիմությունը հանձին Քոչարյանի, չարձագանքեց իշխանությունը։

Բայց դե, ՀՅԴ-ական գործիչների պարագայում նման պնդումները միանգամայն սպասելի են, որովհետև ինչպես 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին, այնպես էլ 21-րդ դարասկզբին էր ՀՅԴ-ն շարունակում «մահ կամ ազատություն» սկզբունքով։ Սկզբունք, որ ավելի քան 130-ամյա պատմության մեջ Հայաստանին բազմաթիվ արհավիրքների առաջ կանգնեցրեց։